Մատչելիության հղումներ

Վրացական ընկերությունը պատրաստվում է ինտերնետ կապի ծառայություն մատուցել Հայաստանում


Վրացական Caucasus Online ընկերությունը մտադիր է ինտերնետ կապի ծառայություն մատուցել Հայաստանում, որի շուրջ բանակցություններն արդեն ընթանում են: Այդ մասին «Ռոյթերզ» գործակալությանը տված հարցազրույցում ասել է ընկերության սեփականատեր ու գործադիր ղեկավար Մամիա Սանադիրաձեն:

Վրաստանի բարձր տեխնոլոգիաների բնագավառում առաջատար այս ընկերությունը, չնայած միջազգային ֆինանսական ճգնաժամին, մտադիր է 40 տոկոսով ավելացնել իր եկամուտները:

«Մենք ակնկալում ենք, որ 2009-ին մեր եկամուտները կաճեն 40 տոկոսով` 2008-ի 24 տոկոսի համեմատ», - ասել է Սանադիրաձեն, որին պատկանում է ընկերության բաժնետոմսերի 80.1 տոկոսը:

Նա ասել է, թե անցյալ տարի ընկերության եկամուտները հասել են 18 միլիոն դոլարի` առանց բացահայտելու ընկերության շահույթը:

Հարցազրույցում ընկերության ղեկավարը, շնորհակալություն հայտնելով Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկին անցյալ տարի 34 միլիարդ դոլարի վարկ հատկացնելու համար, ասում է, թե Caucasus Online ընկերությունը պլանավորում է օպտիկամալուխային նոր ցանց կառուցել` միացնելով Վրաստանի խոշոր բնակավայրերը, ինչպես նաեւ կապի հնարավորություններ տալ հարեւան Ադրբեջանին ու Հայաստանին:

«Մենք պատրաստվում ենք ընդլայնվել Հայաստանում եւ Ադրբեջանում, ինչպես նաեւ Կենտրոնական Ասիայում: Մենք արդեն նրանց հետ բանակցություններ ենք վարել այդ երկրներում եվրոպական ինտերնետ կապ վաճառելու գնի հետ կապված», - «Ռոյթերզ»-ին ասել է Սանադիրաձեն:

Նախնական տվյալներով, 2008-ին Վրաստանի տնտեսության աճը կազմել է 2 տոկոս: Մինչդեռ 2007-ին երկրի տնտեսության աճը 12.4 տոկոս էր:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG