Համազեկուցողների այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանի, մարտի 1-2-ի իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանի, փորձագետների փաստահավաք խմբի անդամների, մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի, ինչպես նաեւ Եվրախորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Սիլվիա Զեհեի հետ:
Այցի օրակարգում հանդիպումներ ընդդիմության ներկայացուցիչների հետ նախատեսված չեն:
Համազեկուցողները եւ հանձնաժողովի քարտուղարը Երեւանից կմեկնեն հունվարի 16-ին:
ԵԽԽՎ-ի ձմեռային նստաշրջանից առաջ սա Մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողների վերջին այցն է Հայաստան` իրավիճակին տեղում ծանոթանալու համար: ԵԽԽՎ-ի նստաշրջանը անցկացվելու է հունվարի 26-30-ը: Մոնիտորինգի հանձնաժողովը դեկտեմբերի 17-ի իր նիստում առաջարկել է Վեհաժողովում Հայաստանի պատվիրակությանը զրկել ձայնի իրավունքից:
Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսի արտաքին կապերի համակարգող Վլադիմիր Կարապետյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում «բավականին տրամաբանական» համարեց այն, որ համազեկուցողների այցի ծրագրում ընդդիմության հետ հանդիպում նախատեսված չէ:
«Սա շատ տեխնիկական բնույթի այց է եւ ի կատարումն Մոնիտորինգի հանձնաժողովի դեկտեմբերի 17-ի որոշման է իրականացվում: Այսինքն` կա բանաձեւի նախագիծ, որի կատարման ընթացքին Հայաստանի մասով համազեկուցողները պետք է հետեւեն Երեւանում: Ընդդիմությունը որեւէ պատասխանատվություն` բանաձեւի պահանջների կատարման հետ կապված, չունի, հետեւաբար` ընդդիմության հետ հանդիպումը ես համարում եմ անիմաստ», - պարզաբանեց Կարապետյանը եւ ամփոփեց. - «Իշխանության որոշ ներկայացուցիչներ մշտապես պնդում էին, որ ընդդիմությունը նույնպես ունի որոշակի պարտավորություններ [ԵԽԽՎ-ի] 1609 կամ 1620 բանաձեւերի կատարման մասով: Այս այցով եւ մեզ հետ հանդիպում չլինելով հաստատվում է, որ պատասխանատվությունը Հայաստանի նկատմամբ պատժամիջոցի կիրառման վերաբերյալ կրում են իշխանությունները»:
Հետընտրական իրադարձությունների կապակցությամբ անազատության մեջ գտնվող շուրջ չորս տասնյակ գործիչներ բաց նամակ են հղել Ջոն Պրեսկոտին եւ Ժորժ Կոլոմբիեին` պնդելով, թե վերջիններս «հսկայական վնաս» են հասցրել իրենց ներկայացրած եվրոպական կառույցների հեղինակությանը։
«Դուք, պարոնայք Պրեսկոտ եւ Կոլոմբիե, ԵԽԽՎ ամառային նստաշրջանից առաջ հայտարարեցիք, թե Հայաստանի իշխանությունները մեծ առաջընթաց են արձանագրել 1609 բանաձեւի պահանջների կատարման ուղղությամբ։ Ձեր հայտարարություններով եւ կեցվածքով էր պայմանավորված 1609 բանաձեւի պահանջների կատարման ժամկետը եւս վեց ամսով երկարաձգվելը: Դրանով դուք նպաստեցիք նաեւ մարտի 1-ի սպանդը չբացահայտելու ՀՀ իշխանության ծրագրին: Մոնիտորինգի կոմիտեի դեկտեմբերի 17-ի որոշումից հետո, վարչախումբը դրան արձագանքել է քաղբանտարկյալներին բանտախցերում ֆիզիկական բռնությունների ենթարկելով։ Միաժամանակ, խոշտանգումների միջոցով անհատական ներման խնդրագրեր են կորզվել մեր ընկերներից, որոնց, 9 հոգու, ձեր այցի նախօրյակին «մեծահոգաբար» ներում շնորհեց ձեր հոգեզավակ գողիշխան ինքնակոչը։ Դուք այս անգամ էլ եկել եք, որպեսզի այդ «փաստը» տանեք ԵԽԽՎ-ի առաջիկա նստաշրջանին որպես «էական առաջընթացի ապացո՞ւյց», - ասված է, մասնավորապես, բաց նամակում, որը ստորագրել են «7-ի գործով» անցնող գործիչները, Հայաստանի գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը, պետեկամուտների նախկին նախարար, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանը եւ այլոք:
Անուշ Մարտիրոսյան եւ Ռուզաննա Ստեփանյան
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)