Մատչելիության հղումներ

Շարմազանովը հուսով է, որ ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակությունը չի զրկվի ձայնի իրավունքից


Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ, Ազգային ժողովի պատգամավոր Էդուարդ Շարմազանովի համոզմամբ, երկրի իշխանությունները նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, «բավականաչափ աշխատանք կատարել են, որպեսզի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը ձայնի իրավունքից չզրկի հայաստանյան պատվիրակությանը»:

«Ես կարծում եմ, որ իշխանությունները, նախագահի գլխավորությամբ, բավականաչափ գործ արել են, որպեսզի պատժամիջոցներ չլինեն: Մշուշոտ եմ համարում այն հեռանկարը, որ Հայաստանը կզրկվի ձայնի իրավունքից, որովհետեւ չեմ տեսնում դրա համար շատ լուրջ հիմքեր», - լրագրողների հետ հանդիպմանը այսօր ասաց Շարմազանովը` հիմնավորելով. - «Ամենակարեւորը` նախագահ Սարգսյանը Հայաստանի Հանրապետությունում ստեղծել է բավականին դրական քաղաքական իրավիճակ: Եվ շատ հայտնի գործիչներից մեկը` տիկին Կոնդոլիզա Ռայսը, ասաց, որ Հայաստանի Հանրապետությունը թեւակոխել է քաղաքական բարեփոխումների առաջընթացի ժամանակաշրջան: Մարտի 1-ի հանձնաժողովի մասին կարող եմ ասել. բոլորս տեսանք, որ Սամվել Նիկոյանի գլխավորած հանձնաժողովը չդարձավ իշխանությունների կամակատարը»:

«Սզատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյո՞ք ձայնի իրավունքից զրկելու համար լուրջ հիմք չէ այն, որ ԵԽԽՎ-ի մոնիտորինգի հանձնաժողովը արդեն արձանագրել է Հայաստանում քաղաքական բանտարկյալների գոյության փաստը եւ կոնկրետ պահանջներ է դրել նրանց ազատ արձակելու ուղղությամբ, պատգամավորը արձագանքեց. - «Խորհրդարանական դիվանագիտությունը ավելի ազատ է, քան պաշտոնական դիվանագիտությունը, ուստի խորհրդարանական դիվանագիտությունը կարող է տարբեր որակումներ իրեն թույլ տալ, եւ դա չի նշանակում, որ եթե խորհրդարանական եվրոպական դիվանագիտությունը օգտագործում է քաղբանտարկյալներ տերմինը, ուրեմն Հայաստանի Հանրապետությունում կան քաղբանտարկյալներ կամ չկան»:

«Եթե Հայաստանի Հանրապետությունը զրկվի կոնկրետ այդ կառույցում ձայնի իրավունքից», - շարունակեց նա, - «դա չի բխում Հայաստանի Հանրապետության շահերից, որովհետեւ այստեղ կա ե’ւ հեղինակության խնդիր, ե’ւ տարբեր խնդիրներ են առաջանում: Բայց ես նաեւ այն կարծիքին չեմ, որ եթե մեզ ձայնից զրկեն, ուրեմն սկսվում է խավարի ժամանակաշրջան, եւ ամեն ինչ վերջանում է»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG