Մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը «Հայոց աշխարհ»-ին տված հարցազրույցում ասել է. - «Նրանց արդարադատություն պետք չէ: Ցանկանում են, որ լարվածությունը պահպանվի»: Դառնալով «7-ի գործով» դատավարությանը` հանրապետական պատգամավորը նկատել է. - «Այս փուլում դատավարությունները դեռեւս քաղաքական հարթության մեջ են եւ չեն տեղափոխվում իրավական հարթություն: Այս պայմաններում դատավարությունները չեն կարող իրավական գնահատական ստանալ: Դատարաններում հիմա քաղաքական պայքարն է շարունակվում: Եվ ինչպես նախաքննության փուլում, այդ պայքարը կառավարող «ուղեղային կենտրոնը» հիմա էլ ամեն ինչ անում է, որ ճշմարտությունը չբացահայտվի ու հայտնի չդառնա հասարակությանը: Մինչդեռ հրապարակային, առողջ, հանդուրժողական մթնոլորտում արդարադատություն իրականացնելը շատ ավելի դյուրին է»:
«Եվրախորհրդի որոշումը երկրորդական է», - գրում է «Չորրորդ իշխանություն»-ը` անդրադառնալով հունվարի վերջին կայանալիք ԵԽԽՎ-ի լիագումար նիստին: - «Երկու-երեք շաբաթ անց Եվրախորհուրդը լսելու է Հայաստանի հարցը, եւ ամենայն հավանականությամբ, Հայաստանի իշխանությունների նկատմամբ պատժամիջոցներ են կիրառելու»: «Բայց արդյո՞ք այդ հարցը մեզ համար իսկապես այդքան կարեւոր է, որքան թվում է առաջին հայացքից», - հարց է ուղղում թերթի մեկնաբանը եւ գնահատում. - «Իրականությունն այն է, որ Հայաստանի այսօրվա պրոբլեմները բացարձակապես կապ չունեն արտաքին աշխարհի հետ, եւ հնարավոր պատժամիջոցները երկրորդական խնդիրներ են: Բուն խնդիրը Հայաստանի ներսում է: Հասարակությունը կհանդուրժի՞, որ իր երկրի նախագահ է դարձել մեկը, ով այդ պաշտոնին տիրացել է կեղծիքներով, խաբեությամբ ու բռնի ուժով: Կհանդուրժի՞, որ տասնյակ քաղաքացիներ այսօր բանտերում են միայն այն բանի համար, որ փորձել են պայքարել հանցագործության դեմ: Եթե կհանդուրժի, ուրեմն ամեն ինչ «նորմալ» է, ուրեմն Հայաստանն այս պահին սրանից ավելիին արժանի չէ: Իսկ եթե չի հանդուրժի եւ կշարունակի պայքարը, Եվրախորհուրդը դրա հետ կապ չունի»: «Հայաստանի տեղը աշխարհում մեր հասարակությունը պիտի որոշի», - ամփոփում է միտքը հոդվածագիրը:
«Հայկական ժամանակ»-ի մեկնաբանը գրում է. - «Ամբողջ աշխարհը մաքառում է ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությունը նվազագույնի հասցնելու համար: Երկրները իրար ետեւից հայտարարում են իրենց տնտեսությունների երկարաժամկետ անկման` ռեցեսիայի մասին: Հայաստանն ուրիշ է: Այստեղ չկա տնտեսական անկում, որովհետեւ ճգնաժամը մեզ շրջանցել է, որովհետեւ կարողացել ենք դիմակայել դրա առաջին ալիքին, որովհետեւ Հայաստանը ունի հարաբերական առավելություններ, որովհետեւ ունի Սերժ եւ Տիգրան Սարգսյանների նման առաջնորդներ....»: «Բայց մի կողմ թողնենք իրենց որովհետեւների շարքը եւ իրականությանը նայենք սթափ», - առաջարկում է հոդվածագիրն ու մի քանի տարբերակ ներկայացնելուց հետո բխեցնում. - «Սերժ եւ Տիգրան Սարգսյանները դիտավորյալ խորացնում են ճգնաժամի սպասվող հետեւանքները` զուտ ինքնապաշտպանական նպատակներով»:
«Փակագիծ» թերթի կարծիքով էլ` «օլիգարխիան կրակի մեջ է»: «Հայաստանի իշխանություններն արդեն պաշտոնապես հայտարարում են, որ իրենց հարկային վարչարարության սլաքն ուղղում են խոշոր բիզնեսին: Սա նշանակում է, որ իշխանություններն այս երկրում այլեւս չեն թողել գումարներ հավաքելու այլ տեղ, այսինքն` փոքր ու միջին բիզնեսն արդեն սմքել է: Իսկ օլիգարխիայի դեմ պայքարը, եթե երկրում այլեւս հաշմանդամ է դարձել փոքր ու միջին բիզնեսը, այն էլ տնտեսական ճգնաժամի պայմաններում, երկրում կարող է դառնալ սոցիալական լուրջ ցնցումների պատճառ, քանի որ հայրենի խոշոր բիզնեսն իրականում այնքան էլ անպաշտպան չէ եւ կգնա միջոցների, որով կփորձի զսպել, սթափեցնել իշխանություններին», - գրում է թերթը:
Կարինե Քալանթարյան