Ձերբակալվածների թվում են Ստամբուլի նախկին քաղաքապետ Բեդրեթին Դալանը, Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Թունջեր Քիլինչը, նախկին գլխավոր դատախազ Սաբիհ Քանադօղլուն: Ըստ թուրքական մամուլի` այս բոլոր գործիչները աշխարհիկ կարգերի եւ Քեմալ Աթաթուրքի գաղափարների կողմնակիցներ են:
Նախկին դատախազ Քանադօղլուն, օրինակ, իրավաբանների այն խմբի ղեկավարն էր, որի ներկայացրած եզրակացությունների հիման վրա 2007թվականի ապրիլին Սահմանադրական դատարանը արգելեց Աբդուլա Գյուլին զբաղեցնել նախագահի աթոռը:
Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Քիլինչը 1997 թվականին Թուրքիայի առաջին իսլամիստական կառավարության դեմ ձեռնարկված համապետական արշավի համակարգողներից էր: 1997-ի իրադարձությունները ավարտվեցին իսլամիստական կառավարության հրաժարականով եւ այն ժամանակ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նեջմեթին Էրբաքանի ձերբակալությամբ:
Երեկ ոստիկանության կողմից ձերբակալվածների մեջ են նաեւ թուրքական բանակի երկու պաշտոնաթող գեներալներ: Նրանցից մեկը` Քեմալ Յավուզը վերջին շրջանում հանդես էր եկել կառավարության դեմ ուղղված խիստ քննադատական հարցազրույցների շարքով: Պաշտոնաթող գեներալի վրդովմունքն էր առաջացրել հատկապես քրդալեզու պետական հեռուստաալիք ստեղծելու` Էրդողանի կառավարության որոշումը:
Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունները ձերբակալությունների այս նոր ալիքը բնութագրում են որպես քաղաքական հետապնդման դասական օրինակ:
Հանրապետական ժողովրդական կուսակցության ղեկավար Դենիզ Բայքալը շտապ կարգով հրավիրած ասուլիսի ընթացքում հայտարարել է. - «Սա վրեժխնդրություն է, ոչ թե իրավական գործընթաց»: Նույն կուսակցության ղեկավարներից Ահմեդ Սուհան հայտարարել է. - «Այս նոր ձերբակալություններից հետո ես չեմ կարող բացառել, որ ճաղերի ետեւում կհայտնվեն նախկին նախագահներ Սուլեյման Դեմիրելն ու Ահմեդ Սեզերը: Էրդողանի կառավարությունը հաշվեհարդար է տեսնում այն բոլոր անձանց նկատմամբ, ովքեր երբեւիցե քննադատել են իշխանության ձեռնարկած քայլերը»:
«Էրգենեկոն» անվանումը կրող ընդհատակյա ցանցի շուրջ սկանդալը սկիզբ առավ 2008 թվականի գարնանը: Թուրք իրավապահները պնդում են, թե «Էրգենեկոն»-ը պաշտոնաթող զինվորականներից, ինչպես նաեւ լրագրողներից ու գործարարներից կազմված ընդհատակյա կազմակերպություն է, որը ծրագրում էր 2008-ի երկրորդ կեսին պետական հեղաշրջում իրականացնել Թուրքիայում:
Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա