Մատչելիության հղումներ

Ադրբեջանում անցկացվելիք հանրաքվեի արդյունքները կանխորոշվա՞ծ են


Մարտի 18-ին ադրբեջանցի ընտրողները հանրաքվեի միջոցով կորոշեն` արդյոք պե՞տք է փոփոխությունների ենթարկել երկրի Սահմանադրությունը, թե՞ ոչ: Առաջարկվող սահմանադրական փոփոխությունների մեխը նախագահի պաշտոնավարման ժամկետների սահմանափակման վերացումն է:

Վերջին օրերին այս խնդրի շուրջ Բաքվում բավական բուռն քննարկումներ են ծավալվել, որոնց մասնակցում են ինչպես քաղաքական գործիչները, այնպես էլ հայտնի մտավորականները: Իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության անդամները կտրականապես հերքում են, թե երկրի հիմնական օրենքում առաջարկվող փոփոխությունները հարված են առանց այդ էլ ծանր վիճակում գտնվող ադրբեջանական ժողովրդավարությանը:

«Պնդումները, թե սահմանադրական փոփոխությունների փաթեթը հակաժողովրդավարական է, իրականությանը չեն համապատասխանում: Փոփոխությունների փաթեթը առնչվում է, նախ եւ առաջ, օրենսդրական դաշտին, այլ ոչ թե ժողովրդավարությանը», - հայտարարել է իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ալի Ահմեդովը:

Բայց նույնիսկ Իլհամ Ալիեւի որոշ կողմնակիցների մոտ նրա հնարավոր երրորդ առաջադրումը նախագահի պաշտոնում մեծ ոգեւորություն չի առաջացնում: Այսպես, հայտնի կինոսցենարիստ եւ գրող Ռուստամ Իբրահիմբեկովը հայտարարել է. - «Ես բացասաբար եմ վերաբերվում այս նախաձեռնությանը, քանի որ այն վնաս է հասցնում Ադրբեջանի` որպես ժողովրդավարական պետության, ձեւավորված իմիջին: Սրա հետ մեկտեղ, ես համոզված եմ, որ Իլհամ Ալիեւը հենց այն նախագահն է, որը անհրաժեշտ է Ադրբեջանին պատմական այս ժամանակահատվածում: Հույս ունեմ, որ նույնիսկ եթե հանրաքվեով այս փոփոխությունները հաստատվեն, Իլհամ Ալիեւը չի առաջադրվի երրորդ անգամ: Իմ համոզմամբ` խաղի ընթացքում կանոնները չեն փոխում»:

Իսկ որ հանրաքվեի ընթացքում կգրանցվեն իշխանությանը ձեռնտու արդյունքներ` որեւէ մեկը Ադրբեջանում կարծես թե չի կասկածում:

Ընդդիմադիր Lիբերալ կուսակցության ղեկավար Lալա Շովքեթ Հաջիեւան, մասնավորապես, հայտարարել է. - «Իշխանությունները մեր երկիրը տանում են դեպի ֆեոդալիզմ, իսկ հանրությունը շարունակում է լռել»:

Իսկ ընդդիմադիր մեկ այլ կուսակցության` «Ժողովրդական ճակատի» ղեկավար Ալի Քերիմլին չի կասկածում, որ մարտի 18-ի հանրաքվեի արդյունքները եւս կեղծվելու են:

«Նախորդ ընտրությունները կեղծվեցին, ընտրական հանձնաժողովները իշխանության լիակատար վերահսկողության տակ են, այնպես որ, համոզված եմ, որ առաջիկա հանրաքվեն եւս կեղծվելու է», - հայտարարել է Քերիմլին:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG