Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը եւ Վրաստանը հունվարի 4-ին ռազմավարական համագործակցության պայմանագիր կկնքեն


Միացյալ Նահանգները եւ Վրաստանը գալիք տարեսկզբին Վաշինգտոնում ստորագրելու են պայմանագիր ռազմավարական համագործակցության մասին: Այդ նպատակով ԱՄՆ-ի մայրաքաղաք է մեկնելու Վրաստանի արտաքին գործերի նախարար Գրիգոլ Վաշաձեի գլխավորած պատվիրակությունը:

«Ես 99 տոկոսով համոզված եմ, որ մեր պատվիրակությունն ու ես կմեկնենք Վաշինգտոն` այս պատմական փաստաթուղթը հունվարի 4-ին ստորագրելու համար: Այն դեռ չի հրապարակվել, բայց դա կարվի: Մենք թաքցնելու ոչինչ չունենք, մենք պարզապես սպասում ենք, որ մեր գործընկերներն այն հրապարակեն նույն ժամկետում», - ասել է Վաշաձեն:

Վրաստանի արտգործնախարարության խոսնակ Խաթունա Իոսավան երեկ ասել է, որ պայմանագիրը ստորագրելու են Վրաստանի արտգործնախարարը եւ Միացյալ Նահանգների պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը:

Արեւմտյան վերլուծաբանների փոխանցմամբ` խոսքն այնպիսի պայմանագրի մասին է, ինչպիսին վերջերս կնքել են ԱՄՆ-ը եւ Ուկրաինան:

«Ֆրանսպրես»-ը նշում է, որ այդ պայմանագրի ստորագրումը Ռուսաստանի վրդովմունքն է հարուցել, եւ վրաց-ամերիկյան նախաձեռնությունն էլ անպայման շատ խիստ գնահատական կստանա Մոսկվայում, որտեղ վերջին ժամանակաշրջանում ոչ միայն քննադատում են, այլեւ անթաքույց հեգնանքով են խոսում Վրաստանի մասին:

Ռուսաստանի երեք խոշոր հեռուստակայաններին տված իր տարեվերջյան հարցազրույցում երկրի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, մասնավորապես, ասել է. - «Մենք ենթադրում էինք, որ մեր վրաց պաշտոնակիցն ուղեղի հետ խնդիր ունի, բայց որ դա այդ աստիճանի լուրջ է՝ չգիտեինք»:

Վրաստանի նախագահը, մինչդեռ, շաբաթասկզբին հայտարարել է, թե վրաց-ամերիկյան պայմանագիրը պատմական նշանակության փաստաթուղթ է: «Նախկինում Միացյալ Նահանգներում Վրաստանը երբեւէ չեն անվանել ռազմավարական գործընկեր», - ընդգծել է Միխեիլ Սահակաշվիլին:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG