Մատչելիության հղումներ

Արամ Սարգսյանը եւ Կարապետ Ռուբինյանը վիճարկում են իրենց գործերի կարճման հիմքը


«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը եւ Ազգային ժողովի նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանը պատրաստվում են դատախազությունից փոխհատուցում պահանջել պատճառված բարոյական վնասի համար: Նրանք գտնում են, որ մարտի 1-2-ի զարգացումների առնչությամբ իրենց նկատմամբ հարուցված քրեական գործը պետք է կարճվեր ոչ թե ապացույցների անբավարարության հիմքով, այլ հանցակազմի բացակայության պատճառով:

Արամ Սարգսյանը, Կարապետ Ռուբինյանը, Հայոց համազգային շարժում (ՀՀՇ) կուսակցության վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը եւ Ազգային անվտանգության վարչության պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը մեղադրվում էին սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու նպատակով Երեւանում զանգվածային անկարգություններ հրահրելու եւ կազմակերպելու մեջ: Չորեքշաբթի օրը հայտնի դարձավ, որ մարտի 1-2-ի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանի որոշմամբ նրանց նկատմամբ մեղադրանքները վերացվել են ապացույցների անբավարար լինելու հիմքով:

Արամ Սարգսյանը, մեկնաբանելով բողոքարկման իր որոշումը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց. - «Վարկաբեկել են իմ բարի անունը: Ես չէի սկսի նման գործընթաց, եթե դատախազության մամուլի խոսնակը վեր կենար ու հայտարարեր, որ մենք այս մարդկանց կասկածել ենք, գործունեություն ենք ծավալել, որի արդյունքում պարզվել է, որ այս մարդիկ որեւէ մեղք չեն գործել, եւ մենք իրենցից ներողամտություն ենք հայցում»:

Կարապետ Ռուբինյանը արդեն բողոքարկման դիմում է ներկայացրել գլխավոր դատախազին:

«Ես այսօր առավոտյան արդեն այցելել եմ գլխավոր դատախազության շենք, հանձնել եմ իմ բողոքը` ուղղված գլխավոր դատախազին, առ այն, որ քննչական խմբի ղեկավարը, իր ապօրինությունները կոծկելու միտումով, որպես գործի կարճման հիմք ընդունել է սխալ հոդվածի կետ», - հինգշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Ռուբինյանը:

«Գիտեմ, որ [գլխավոր դատախազ] պարոն [Աղվան] Հովսեփյանը մերժելու է բողոքս: Այդ մերժումը կբողոքարկվի դատարանում` օրենքով սահմանված կարգով, եւ դրան կգումարվի նաեւ իմ հայցը` պատճառված նյութական եւ բարոյական վնասը փոխհատուցելու համար», - հավելեց Ռուբինյանը:

2008 թվականի նախագահական ընտրություններում Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբի Կոտայքի մարզի պատասխանատու Գուրգեն Եղիազարյանը գտնում է, որ իշխանությունը ընդդիմադիր գործիչների դեմ քրեական գործեր է հարուցել, «որպեսզի իր մեղքը թաքցնի»: Ազգային անվտանգության վարչության պետի նախկին տեղակալը պնդում է, թե մարտի 1-ի գործում բացակայում է Լեոյի փողոցի տեղազննության արձանագրությունը:

«Ես մի քանի անգամ փորձել եմ փաստաբանների միջոցով ստանալ այդ արձանագրությունը` այն չկա գործի մեջ: Պարտադիր եղել է տեղազննություն` Լեո փողոցում: Այդ փաստը պետք է տեղազննության արձանագրության մեջ գրանցված լիներ, իսկ ծնոտը պետք է լիներ փաթեթավորված եւ դեպքի վայրից առգրավված` որպես իրեղեն ապացույց», - ասաց Եղիազարյանը: - «Եթե արձանագրության մեջ այդ ամենը չկա, նշանակում է` նրանք դիտավորյալ ոչնչացրել են սպանության հետքերը»:

Գուրգեն Եղիազարյանը հետընտրական իրադարձությունների կապակցությամբ հարուցված գործով ազատազրկված մնաց 5 ամիս, Արարատ Զուրաբյանը` 4,5 ամիս, Կարապետ Ռուբինյանը` մոտ 2,5 ամիս: Արամ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել էր երկրից չհեռանալու մասին ստորագրությունը:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG