Մատչելիության հղումներ

Ռուսաստանում տնտեսական ռեցեսիա է


Ռուսաստանի էկոնոմիկայի փոխնախարար Անդրեյ Կլեպաչն այսօր պաշտոնապես հայտնել է, որ դաշնության տնտեսությունը հայտնվել է ռեցեսիայի վիճակում:

Փոխնախարարի խոսքերով, տնտեսական ցուցանիշների վատթարացումը հիմնականում գրանցվել է վերջին երկու ամսվա ընթացքում:

«Ռեցեսիան Ռուսաստանի Դաշնությունում արդեն սկսվել է, եւ ես մտավախություն ունեմ, որ այն երկու եռամսյակում չի ավարտվի», - ասել է Անդրեյ Կլեպաչը:

Նախարարի խոսքերով, Ռուսաստանում ներքին համախառն արդյունքի աճն այս տարի չի հասնի 6,8 տոկոսի, իսկ արդյունաբերական արտադրության աճը կիջնի մինչեւ 1,9 տոկոս: Անցած 9 ամսվա ընթացքում այն 4,9 տոկոս էր:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, էկոնոմիկայի փոխնախարար Անդրեյ Կլեպաչը հրաժարվել է մեկնաբանություններ անել 2009 թվականի հավանական ցուցանիշների վերաբերյալ` ասելով, թե հարցը դեռ քննարկվում է այլ գերատեսչությունների հետ:

Տնտեսագետների կարծիքով, ֆինանսատնտեսակաան ճգնաժամի ակնհայտ հետեւանքներից մեկը աշխատատեղերի կրճատումն է: Այդ դեպքում տարբեր երկրներում գործատերերը կրճատումները սկսում են օտարերկրացի աշխատողներից:

Տակավին վերջերս Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օտարերկրացի աշխատողների քվոտաները կրճատելու կարգադրություն:

Հարցախույզների արդյունքները վկայում են, որ ռուսաստանցիներից շատերը օտարերկրացիների մեծ թիվն են համարում տնտեսական ճգնաժամի եւ աշխատատեղերի պակասի գլխավոր պատճառը: Այդ մթնոլորտը նպաստում է այլազգիների հանդեպ հակակրանքի եւ անհանդուրժողականության հողի վրա կատարվող իրավախախտումների աճին:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG