Մատչելիության հղումներ

«Հեռուստամարաթոն 2008»-ի արդյունքում` ավելի քան 35 միլիոն դոլար


«Հայաստան» համահայկական հիմնադրամի «Հեռուստամարաթոն 2008»-ը արձանագրել է 35 միլիոն 9 հազար 156 դոլարի կատարված եւ խոստացված նվիրատվություններ, ինչը կրկնապատիկ ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: Այդ մասին ասված է հիմնադրամի հաղորդագրությունում:

Հիմնադրամի հանձնախմբերի կողմից հանգանակված գումարները հետեւյալն են` Լոս Անջելես` շուրջ 1 միլիոն 300 հազար դոլար, Լիբանան`200 հազար, Մոնրեալ` 130 հազար, Արգենտինա` 100 հազար, Մեծ Բրիտանիա` 200 հազար, Հոլանդիա` 40 հազար, Ավստրալիա` 50 հազար, Նյու Յորք` 200 հազար, Ֆրանսիա` 1 միլիոն 500 հազար, Գերմանիա` 85 հազար, Շվեյցարիա` 33 հազար, Տորոնտո` 250 հազար, Հունաստան եւ Կիպրոս` 40 հազար:

Ռուսաստանաբնակ հայազգի գործարար Սամվել Կարապետյանը հայտարարել է 15 միլիոն դոլար նվիրատվության մասին, որը կուղղվի Ստեփանակերտում հիվանդանոցի կառուցմանը: Այս տարի փոքր եւ միջին նվիրատվությունների զգալի աճ է գրանցվել: «Հեռուստամարաթոն 2008»-ի խոշոր նվիրատուներից են «Վիվասել ՄՏՍ»-ը, Միքայել Վարդանյանը, Սամվել Ալեքսանյանը, Էդուարդո Էռնեկյանը, Գագիկ Ադիբեկյանը, Վարուժան Գրիգորյանը, Գագիկ Զաքարյանը, Նորիկ Պետրոսյանը, Բարսեղ Բեգլարյանը, Արամ Քոչարյանը, Խաչիկ Մանուկյանը, Կարապետ Ալեքսանյանը եւ այլոք:

Հեռուստամարաթոնի ընդհանուր արդյունքը ներառում է նախորդ ամիսներին կազմակերպված մի շարք դրամահավաք միջոցառումների ընթացքում հանգանակված գումարները եւս, այդ թվում` հեռախոսամարաթոնները, հեծանվամարաթոնը, բարեգործական համերգները, Լիբանանում անցկացվող ռադիոմարաթոնը:

Հինգշաբթի օրը անցկացված հեռուստամարաթոնի պատվավոր հյուրերի շարքում էին Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը, Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնակատար Արա Վարդանյանը, նվիրատուներ ու հասարակական գործիչներ:

«Հեռուստամարաթոն 2008»-ի արդյունքում արձանագրված գումարը աննախադեպ է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնների համար: Մինչ այժմ ամենամեծ գումարը հանգանակվել էր անցած տարի` շուրջ 15 միլիոն դոլար:


(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG