Մատչելիության հղումներ

Ռուսաստանի նախագահի առաջարկած փոփոխությունները ընդունեց նաեւ Դաշնության խորհուրդը


Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատը` Դաշնության խորհուրդը այսօր ընդունել է երկրի նախագահի եւ Պետդումայի լիազորությունների ժամկետը երկարաձգելու մասին փոփոխությունները:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության վկայությամբ` նախագահ Դմիտրի Մեդվեդեւի առաջարկած փոփոխություններին կողմ են քվեարկել 144 սենատորներ, դեմ` մեկը:

Փոփոխությունները երկրի նախագահին հնարավորություն կտան պաշտոնավարել 6 տարի` ներկայիս 4-ի փոխարեն, իսկ խորհրդարանի լիազորությունների ժամկետը կավելանա մեկ տարով` 4-ից դառնալով 5 տարի:

Ռուսաստանի նախագահը իր այս նախաձեռնության մասին հայտարարել էր նոյեմբերի 5-ին` ռուսաստանցիներին հասցեագրված ուղերձում: Նոյեմբերի 11-ին նա փոփոխությունները ներկայացրեց Պետդումային, եւ անցնող շաբաթների ընթացքում խորհրդարանի ստորին պալատը դրանք ընդունեց երեք ընթերցումներով եւ ամբողջությամբ:

Այժմ փոփոխությունները ենթակա են հաստատման Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների առնվազն երկու երրորդի խորհրդարանների կողմից, որոնք դրանք քննարկելու են մեկ տարվա ընթացքում: Սուբյեկտների խորհրդարանների կողմից հաստատվելու դեպքում դրանք կրկին ներկայացվելու են Դաշնության խորհրդի հաստատմանը, ինչից հետո պետք է ստորագրվեն նախագահի կողմից:

Լիազորությունների ժամկետի երկարացումը վերաբերելու է ոչ թե գործող, այլ փոփոխությունների վերջնական ընդունումից հետո ընտրվելիք նախագահին եւ Պետդումային:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG