Մատչելիության հղումներ

Հերթական ոտնձգությունը Թբիլիսիի Սուրբ Նորաշեն եկեղեցու դեմ


Կիրակի օրը Թբիլիսիի Սուրբ Նորաշեն եկեղեցու նկատմամբ հերթական ոտնձգությունն է իրականացվել, եւ կրկին` վրաց հոգեւորական Տարիել Սիկինչելաշվիլիի կողմից: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Թբիլիսիի Սուրբ Գեւորգ եկեղեցու սպասավոր Նարեկ քահանա Ղուշչյանը, վրաց հոգեւորականն ու իր կողմնակիցները, կիրառելով շինարարական ծանր տեխնիկա, տեղահանել էին եկեղեցու բակում գտնվող` Միքայել եւ Lիդիա Թամամշեւների շիրմաքարերը:

«Մեր հավատացյալ երիտասարդները ներկա էին գտնվել այդ պահին եւ նկարահանել էին այդ ամենը: Անմիջապես հավատացյալների մեծ բազմություն գնաց դեպի եկեղեցի, մենք էլ ուղեւորվեցինք [Վրաց ուղղափառ եկեղեցու] պատրիարքարան` պարզելու, թե ո՞ւմ հրամանով է հայր Տարիելը դիմել այդ գործողություններին: Ավելի ուշ վրաց հոգեւորականին վրաց Պատրիարքը իր մոտ կանչեց, եւ հայր Տարիելը շիրմաքարերը անմիջապես վերադարձրեց իրենց տեղը»:

Նարեկ քահանան, սակայն, նշեց, որ ի տարբերություն նախորդ նմանատիպ միջադեպերի` այս անգամ վրաց-հայկական ընդհարման վտանգը շատ մեծ էր:

«Սա երեւի եկեղեցին յուրացնելու հերթական քայլն է: Մենք ասացինք [հավատացյալներին]` գնացեք եւ թույլ մի տվեք, որ բուլդոզերը կրկին մտնի եկեղեցու տարածք: Հավատացյալները փակեցին ճանապարհը, նրանք շատ սուր էին տրամադրված», - պատմեց հայ հոգեւորականը` հավելելով, որ հավատացյալների կտրուկ գործողությունները պետական մարմիններին եւս ստիպեցին արձագանքել ստեղծված իրադրությանը:

Միջադեպից անմիջապես հետո Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրդը դիմել էր Թբիլիսիի քաղաքապետին` տեղեկացնելով, որ Տարիել Սիկինչելաշվիլին Սուրբ Նորաշենի շուրջ շինարարական աշխատանքներ իրականացնելու թույլտվություն չունի:

Հայր Նարեկը ենթադրում է, որ հավատացյալների գործողությունները սաստեցին նաեւ Տարիել Սիկինչելաշվիլիին, ով արդեն շուրջ 20 տարի փորձում է յուրացնել 15-րդ դարում կառուցված եւ 1920-ականներին Հայ Առաքելական եկեղեցուց բռնագրավված Սուրբ Նորաշեն եկեղեցին:

«Ի տարբերություն նախորդ անգամների, կիրակի օրը հայր Տարիելը հավատացյալների ներկայությամբ ներողություն խնդրեց իր գործողությունների համար», - հայտնեց Նարեկ քահանա Ղուշչյանը:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG