Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«168 ժամ»-ը բացառիկ հարցազրույց է տպագրել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Թերթը Մամեդյարովին հարցրել է. - «Կարգավորման Մադրիդյան սկզբունքները ենթադրում են տարածքային ամբողջականության եւ ինքնորոշման իրավունքի սկզբունքների «հաշտեցում»: «Հաշտեցման» մեխանիզմներից մեկը, կողմերի վերջին մի քանի տարիների հայտարարությունների համաձայն, Լեռնային Ղարաբաղում հանրաքվեի անցկացումն է: Ադրբեջանն իրո՞ք պատրաստ է համաձայնել այդ մեխանիզմի հետ»: Ադրբեջանի արտգործնախարարը պատասխանել է. - «Մինչեւ զորքերի դուրսբերումը եւ հարկադրված տեղահանվածների վերադարձը` կարգավիճակի որոշումն անհնար է թե’ իրավական, թե’ բարոյական, թե’ նույնիսկ տեխնիկական տեսանկյուններից: Իսկ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման փուլում մենք ղեկավարվելու ենք միջազգային իրավունքով եւ ներքին օրենսդրությամբ»: Հարց. - «Որքանո՞վ է Բաքվի համար սկզբունքային հակամարտության գոտում միջազգային խաղաղապահների տեղակայման հարցը»: Պատասխան. - «Այն դեպքում, եթե հաջողվի համաձայնության հասնել միջազգային խաղաղապահ ուժերի հարցում, ապա, ընդհանուր առմամբ, նրանք պետք է կայունացնողի դեր խաղան, ինչը կարող է ավելի մեծ վստահություն ստեղծել հայկական եւ ադրբեջանական համայնքների միջեւ»: Հարց. - «Ինչպե՞ս է վերաբերվում Ադրբեջանը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ քաղաքական երկխոսության հաստատման փորձերին»: Պատասխան. - «Դրանք երկու ինքնիշխան պետությունների հարաբերություններ են, եւ կցանկանայի հուսալ, որ դա դրական ազդեցություն կունենա Հարավային Կովկասում խաղաղության եւ անվտանգության ստեղծման վրա»:

«Չորրորդ իշխանություն»-ը գրում է. - «Սերժ Սարգսյանը նեղսրտում է, որ իր ընդդիմախոսները (գրեթե ողջ քաղաքական դաշտը` արմատական ընդդիմությունից մինչեւ Վարդան Օսկանյան) բացահայտում են մոսկովյան հռչակագրի թույլ կողմերը, այսինքն` մատնացույց են անում հռչակագրի այն կետերը, որոնք Ադրբեջանը կարող է օգտագործել մեր դեմ: «Հասկանալի է, որ ադրբեջանցիները պետք է շահարկեն, իսկ դո՞ւք ինչու եք շահարկում: Այսինքն` դուք ադրբեջանցիների հուշարարնե՞րն եք, թե՞ ադրբեջանցիների շահարկումներից հաճույք եք ստանում», - իր ընդդիմախոսների վրա «մուննաթ է գալիս» Սերժ Սարգսյանը: Սա իսկապես տարօրինակ մոտեցում է (մեղմ ասած): Այսինքն, Սերժ Սարգսյանը մտածում է, որ ադրբեջանցիները գլխի չե՞ն ընկնի, թե ինչպես օգտագործել հռչակագրի` մեզ համար խոցելի կետերը: Բայց սա անհեթեթություն է. ի վերջո, ադրբեջանցիները հենց իրենք են պնդել, որ այդ կետերն ընդգրկվեն հռչակագրում: Իրականում Սերժ Սարգսյանի նեղսրտության պատճառն ուրիշ է: Նա դժգոհում է, որ ընդդիմախոսները մեր հասարակությա'նն են բացատրում հռչակագրի խոցելի կետերը: Այսինքն, նա հույս ուներ, որ Հայաստանում ոչ մեկը «չէր ջոկի», թե ինչ վտանգավոր փաստաթուղթ է ստորագրել ինքը, բայց քանի որ ամեն ինչ շատ արագ պարզ դարձավ, հիմա նա ստիպված է ընդդիմախոսներին մեղադրել «թշնամու ջրաղացին ջուր լցնելու» համար»:

Թեման շարունակում է «Հրապարակ»-ը. - «Սերժ Սարգսյանը մեղադրեց քաղաքական ուժերին, որ ուսումնասիրում են թուրք-ադրբեջանական մամուլն ու իրենց հետեւություններն անում դրա հիման վրա: Մեր քաղաքական ուժերը շատ ուրախ կլինեին, եթե հայկական մամուլն այնքան տեղեկություններ տրամադրեր, որքան թուրք-ադրբեջանականը: Այդ դեպքում, անշուշտ, հարկ չէր լինի օտար մամուլ կարդալ: Բայց մեր իշխանությունները նախընտրում են գաղտնիության քողի տակ պահել բանակցային ողջ գործընթացը: Ապա նախագահն ասել է. - «Ես մշտապես ասել եմ, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարող է լուծվել, եթե ԼՂՀ ժողովուրդը իրացնի, կարողանա իրացնել իր ինքնորոշման իրավունքը»: Թե ինչ է նշանակում այս նախադասությունը` հավանաբար ոչ ոք չգիտի: Ինքնորոշման իրավունքի իրացում էր համարվում նաեւ Ադրբեջանի կազմում ինքնավարությունը, որ մինչեւ 1988 թիվն ուներ Ղարաբաղը (ԼՂԻՄ): Ինքնորոշման իրավունքի տարբեր ձեւեր կան` սկսած կուլտուրական ինքնավարությունից մինչեւ կոնֆեդերատիվ բնույթի հանրապետություններ: Դրանցից ո՞րը նկատի ունի Սերժ Սարգսյանը»:

«Գոլոս Արմենիի»-ն գրում է. - «Հոկտեմբերի 17-ին Մատենադարանի մոտ հանրահավաքի հարթակից Լեւոն Տեր-Պետրոսյանը ասաց. - «... պաուզան երկար չի տեւի, քանի որ ղարաբաղյան խնդրի կարգավորումը երկու-երեք ամսվա հարց է»: Խոսքը փողոցային ակցիաների անցկացման պաուզայի մասին էր: Այդ հայտարարությունից արդեն անցել է մեկ ամիս: Չի բացառվում, որ խնդրի «մոտալուտ լուծմամբ» ոգեւորված` Լեւոնի համախոհները նրան հիմա համոզեն խախտել պաուզան եւ մինչեւ սաստիկ ցրտերը անցկացնեն եւս մեկ միտինգ. իբր, իրավիճակն է պարտավորեցնում, եւ այլն: Բացառված չէ, որ Լեւոն Ակոպովիչը թույլ տա իրեն համոզել եւ միտինգի հարթակից պատմի հերթական մղձավանջը` ուղղված հունվարին, փետրվարին եւ գարնանը, քանի որ դեկտեմբերի կանխատեսումը չիրականացավ: Մինչդեռ, սուրբ տեղը դատարկ չի մնում, եւ լեւոնական պաուզայի ընթացքում փողոցային գործողություններ է սկսել նոր` «Միացում» շարժումը, որը ղեկավարում է Ժիրայր Սեֆիլյանը»: «Միացում»-ը ակտիվորեն իրեն հանրային ճանաչում է տալիս եւ միանգամայն կարող է լցնել Լեւոնի հայտարարած պաուզան, այնպես որ բողոքավոր հանրության բացարձակ եւ անառարկելի առաջնորդի դեր խաղալու համար Լեւոն Ակոպովիչին քիչ ժամանակ մնաց` կարծում եմ, մինչեւ դեկտեմբերի վերջ, երբ կանխատեսումները չեն իրականանա, եւ բողոքավոր հանրությունը վերջնականապես կհասկանա, որ Լեւոնը չի կարող ծառայել ընթացիկ պրոցեսների կատալիզատոր», - եզրակացնում է մեկնաբանը:

«Կապիտալ»-ը տեղեկացնում է. - «Հայփոստ» փոստային օպերատորի հավատարմագրային կառավարչի փոփոխության լուրերը մասամբ հաստատվում են: «Հայփոստ»-ի կառավարիչ «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթ» ընկերության միակ բաժնետեր` PostFinance-International ընկերության բաժնետոմսերը ձեռք է բերել Advanced Global Investments LLC ընկերությունը (պատկանում է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին): Այսպիսով, փոխվել է ոչ թե հավատարմագրային կառավարիչը, այլ նրա սեփականատերը»: «Թե երբ է տեղի ունեցել սույն գործարքը, հայտնի չէ: Բոլոր դեպքերում, տպավորությունն այնպիսին է, որ կառավարությունում շահագրգռված չէին հոլանդացիների հեռանալու փաստի հրապարակային քննարկմամբ: Հավանաբար, դեր է խաղացել այն հանգամանքը, որ դա բացասաբար կանդրադառնա Հայաստանի ներդրումային իմիջի վրա», - ենթադրում է թերթը:


Աղասի Ենոքյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG