Մատչելիության հղումներ

Էջմիածնի քաղաքապետը դահլիճ չտրամադրեց «Միացում» նախաձեռնությանը


Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը այսօր մերժել է դահլիճ տրամադրել «Միացում» նախաձեռնությանը, որը մտադիր էր քաղաքի Մշակույթի տանը քննարկում անցկացնել «Ազատագրված տարածքների նշանակությունը Հայաստանի ապագայի համար» խորագրի ներքո, որի շրջանակներում ցուցադրվելու էր նաեւ Տիգրան Խզմալյանի ֆիլմը:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց նախաձեռնության անդամ Սեդա Մելիքյանը, երկու օր առաջ քաղաքապետը համաձայնել էր դահլիճը տրամադրել, սակայն հենց միջոցառման օրը փոխել է որոշումը` պատճառաբանելով, թե դահլիճը զբաղված է:

Էջմիածնի Մշակույթի տան ղեկավար Ռոբերտ Վարդանյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, թե վաղը իրենց դահլիճում համերգ է նախատեսված, եւ այդ նպատակով դահլիճում այսօր տեխնիկա է տեղադրվելու: Ի պատասխան հարցի` արդյոք այդ մասին չգիտեի՞ն երկու օր առաջ, կամ հնարավոր չէ՞ր տեխնիկան տեղադրել հանդիպումից հետո, Մշակույթի տան ղեկավարն ասաց, թե ոչինչ չգիտի` արել է այն, ինչ ասել են քաղաքապետարանից:

«Միացում» նախաձեռնության անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանի համոզմամբ` քաղաքապետը որոշումը փոխել է Ազգային անվտանգության ծառայության ճնշումների տակ:

«Ինձ թվում է, որ Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը չի աշխատում այն ուղղությամբ, որով պետք է աշխատի, եւ սա է դրա հետեւանքը», - ասաց Փոստանջյանը: - «Փաստորեն, մեր քաղաքացիական դիրքորոշումը եւ մեր անհանգստությունները` կապված Արցախի հիմնախնդրի եւ ընդհանրապես Հայաստանի անվտանգության հետ, այսօր թույլ չեն տալիս հասցնենք մեր հայրենակիցներին»:

«Միացում» նախաձեռնության անդամ, «Հայ կամավորականների համախմբում» շարժման ղեկավար Ժիրայր Սեֆիլյանի խոսքերով` Էջմիածնի քաղաքապետը, համաձանելով իրենց դահլիճ տրամադրել, երեւի չի պատկերացրել, որ դա իշխանություններին դուր չի գա, իսկ հետո, երբ հասկացել է` որոշումը փոխել է:

«Մենք երեկ գիշեր տեղեկություն ենք ստացել, որ անվտանգության աշխատողները ճնշել են քաղաքապետին, եւ մեզ տեղեկության հասավ, որ հետաձգենք, ուրիշ օր անենք, եւ այլն», - հավաստիացրեց Սեֆիլյանը:

Ի վերջո, «Միացում» նախաձեռնությունը բացօթյա միջոցառում անցկացրեց` ներկայացնելով, թե «ազատագրված» [Ղարաբաղը շրջապատող` հայկական ուժերի վերահսկողության տակ գտնվող] տարածքների վերադարձը ինչ վտանգներով է հղի:

Միջոցառման մասնակիցների մեծ մասը ժամանել էր Երեւանից` էջմիածինցիներ գրեթե չկային:

Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը պաշտպանության նախկին փոխնախարար Մանվել Գրիգորյանի որդին է:

Ռուզաննա Ստեփանյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG