Մատչելիության հղումներ

Խազար Իբրահիմ. «Մոսկովյան հռչակագիրը կարեւոր փաստաթուղթ է»


«Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների կողմից Մոսկվայում ստորագրված հռչակագիրը մինչ օրս անցկացված բանակցությունների էությունը եւ պահերը արտացոլող կարեւոր փաստաթուղթ է», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության մամլո քարտուղար Խազար Իբրահիմը:

Լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ պատասխանելով փաստաթղթի ստորագրման անհրաժեշտությանը վերաբերող հարցին` Իբրահիմը նշել է, թե հակամարտության կարգավորման գործընթացի նոր փուլ անցման համար երաշխիքներ են պետք. - «Մինչ այժմ արված բանավոր հայտարարություններից հետո պետք է ի հայտ գար ստորագրություններով հաստատված փաստաթուղթ: Հռչակագրի ստորագրումը ամենաբարձր մակարդակով բխում է հենց դրանից»:

Հարցին, թե ստորագրված փաստաթուղթը չի՞ զրկել արդյոք Ադրբեջանին խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու «իրավունքից», Խազար Իբրահիմը պատասխանել է, որ հռչակագրի էությունը հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու հնարավորությունը ցույց տալն է:

«Բնականաբար, հակամարտությունների կարգավորումը խաղաղ ճանապարհով պետք է հիմնվի որոշակի սկզբունքների եւ դրույթների վրա: Դրանք էլ նշված են այս փաստաթղթում», - ասել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը` վստահեցնելով. - «Հռչակագրում չկան կետեր, որոնք դուրս գային մեր կողմից բազմիցս հայտարարված սկզբունքների սահմաններից»:

Ի պատասխան հարցի, թե հատկապես ի՞նչ սկզբունքներ են որպես հիմք ընդունվում, երբ խոսվում է «միջազգային սկզբունքների եւ նորմերի» մասին, Իբրահիմը հայտարարել է, թե կարգավորման հիմնական սկզբունքը տարածքային ամբողջականությունն է:

«Հելսինկյան եզրափակիչ ակտում արտացոլված է նաեւ ինքնորոշման իրավունքի սկզբունքը, սակայն այդ իրավունքը կարող է իրականացվել նաեւ տարածքային ամբողջականության սկզբունքի շրջանակներում: Միջազգային փաստաթղթերում եւ միջազգային իրավունքում տարածքային ամբողջականության սկզբունքը վեր է դասվում ինքնորոշման իրավունքի սկզբունքից», - ասել է նա:

APA գործակալության փոխանցմամբ` Խազար Իբրահիմը ընդգծել է նաեւ, որ պետք չէ շփոթել Թուրքիայի նախաձեռնությունը եւ ստորագրված փաստաթուղթը. - «Թուրքիայի նախաձեռնությունը նվիրված է Հարավային Կովկասում անվտանգությանը եւ կայունությանը, իսկ հռչակագիրը կապված է հայ - ադրբեջանական հակամարտության հետ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG