Մատչելիության հղումներ

Կրթական բարեփոխումները ուսանողության աչքերով


Գիտաժողովի ընթացքում ուսանողները ներկայացրեցին զեկույցներ տարբեր թեմաներով` կրեդիտային համակարգից, պրակտիկայից մինչեւ կոռուպցիան բուհերում:

«Բարեփոխումները, որ իրականացվում են մեր բուհերում, արվում են ուսանողների համար, այդ իսկ պատճառով ոլորտի պատասխանատուներին հետաքրքիր է լսել նրանց կարծիքը, դիտողություններն ու առաջարկները», - ասաց Պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Յուրի Սուվարյանը:

Սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արթուր Պողոսյանը վստահեցրեց, որ կառավարության համար ամենաառաջին գերակայությունը կրթությունն է:

«Բուհական կրթությունը չի ապահովում մեր աշխատաշուկայի պայմաններին համապատասխան եւ մրցունակ կրթություն, այդ ուղղությամբ մենք դեռ մեծ աշխատանք ունենք», - հավելեց նա:

Ուսանողների բողոքները հիմնականում իրենց մատուցված ծրագրերից են, որոնք նույնիսկ նոր համակարգի ներդրման հետ չեն փոխվում: Երեւանի պետհամալսարանի ուսանողուհի Մարինա Գալստյանի զեկույցն այն մասին էր, որ համալսարանում մատուցված գիտելիքները չեն համապատասխանում աշխատաշուկայի պահանջներին` հնացած, միայն տեսական լինելու պատճառով:

Պետական տնտեսագիտական համալսարանի 4-րդ կուրսի ուսանող Յուրի Վարդանյանի զեկույցը «Մասնագիտական կրթության որակի խոչընդոտ հանդիսացող գործոնները» թեմայով էր: Գործոններից Յուրին առանձնացրել է երեքը` ազգային յուրահատկություն, բարեփոխումներ եւ պրակտիկա, որը չի բավարարում ուսանողներին:

Յուրի Սուվարյանը վստահեցրեց, որ բարեփոխումների արդյունքում նվազել է կոռուպցիոն ռիսկը, բայց ոչ այն պատճառով, որ բուհը խիստ հսկողություն է սահմանել, այլ գործատուների շնորհիվ, որոնց հետաքրքրում են գիտելիքները եւ ոչ թե դիպլոմը:

«Ոչ մի համակարգ եւ մոտեցում ի զորու չէ Հայաստանում վերացնել կաշառակերությունը: Նոր համակարգի հետ ուղղակի սակագներն են փոխվում», - ասաց Երեւանի պետհամալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի ուսանող Միքայել Գրիգորյանը:

Վերջում ուսանողները ներկայացրեցին առաջարկությունների փաթեթ, որոնց խոստացան անդրադառնալ ոլորտի պատասխանատուները:


Լիանա Մնացականյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG