Մատչելիության հղումներ

Ինֆորմատիկայի գծով ուսանողական օլիմպիադա` նվիրված Պոլիտեխնիկի 75-ամյակին


Մասնակիցներին առաջադրվել են հայերեն ձեւակերպված ալգորիթմական խնդիրներ: Լուծումներն ավտոմատացված համակարգով թեստային ստուգման են ենթարկվելու, եւ մրցույթի ժամանակ մասնակիցները կարող են հետեւել ընթացքին: Ավտոմատացված համակարգը մշակել են Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ) դասախոսներն եւ ասպիրանտները:

ՀՊՃՀ-ի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանի խոսքով` ընդգրկված են փորձառու թիմեր:

Ժյուրիի համանախագահներից Վազգեն Մելիքյանը, ով ՀՊՃՀ-ի «Միկրոէլեկտրոնային սխեմաներ եւ համակարգեր» միջդեպարտամենտալ ամբիոնի վարիչն է եւ տնօրինում է նաեւ «Սինոփսիս Արմենիա» ընկերության ուսումնական դեպատամենտը, կարեւորում է այս օլիմպիադան եւ նշում, որ մասնակից ուսանողների համար սա գիտելիքները ստուգելու մի տարբերակ է:

Երեւանի ինֆորմատիկայի քոլեջի տնօրեն Արտաշես Աբրահամյանը նույնպես ժյուրիի համանախագահներից է: Գնահատման համակարգի մասին խոսելիս նա հավաստիացրեց, որ սուբյեկտիվ գործոնը բացառված տարբերակ է:

Մասնակից ուսանողները, սակայն, բողոքում էին լսարանների տեխնիկական հագեցվածությունից, առարկային տրվող քիչ ժամաքանակից եւ դասախոսների մասնագիտական որակից:

Օլիմպիադան անցկացվելու է երեք օր. այսօր մեկնարկեց թիմային առաջնությունը, իսկ վաղը կսկսվի անհատականը: Թիմային առաջնությունում հաղթողները կստանան առաջին կարգի դիպլոմ եւ 200 հազար դրամ, երկրորդ տեղի համար դրամական մրցանակը 150 հազար դրամ է, երրորդ տեղի համար` 100 հազար դրամ: Անհատական առաջնության առաջին, երկրորդ եւ երրորդ տեղերի համար էլ կտրվեն վկայականներ եւ «նոութբուք» համակարգիչներ: Ոստանիկ Մարուխյանն ասաց, որ թիմերից լավագույնը կմեկնի ԱՄՆ:

Արդյունքները կհայտարարվեն եւ մրցանակները կհանձնվեն հոկտեմբերի 23-ին:


Նարինե Ղալեչյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG