Մատչելիության հղումներ

Սափրագլուխների խմբավորման առաջնորդները ամբողջությամբ ընդունել են իրենց մեղքը


Երկու տասնյակ սպանությունների եւ մեկ տասնյակից ավելի մահափորձերի մեջ մեղադրվող սափրագլուխների խմբավորման առաջնորդներ Արթուր Ռինոն եւ Պավել Սկաչեւսկին այսօր դատարանում ամբողջությամբ ընդունել են իրենց մեղքը:

Ինչպես ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել է դատական փակ նիստի մասնակիցը, ամբաստանյալներից եւս երեքը իրենց մեղքը ընդունել են մասամբ, իսկ երկուսը չեն ընդունել:

Դատավարությունը շարունակվում է:

Կիսելյովի անվան սրբանկարչության դպրոցի ուսանող Արթուր Ռինոն, Ռուսաստանի ֆիզիկական կուլտուրայի պետական համալսարանի ուսանող Պավել Սկաչեւսկին եւ նրանց գլխավորած խմբավորման անդամները ձերբակալվել են 2007 թվականի ապրիլի կեսերին Մոսկվայում հայազգի գործարար, 46-ամյա Կարեն Աբրահամյանի սպանության համար:

Ըստ մեղադրող կողմի` սքինհեդների խումբը 2006 թվականի օգոստոսից մինչեւ 2007 թվականի հոկտեմբեր սպանել է 20 մարդու, եւս 12-ին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է հասցրել:

«Ազգությամբ ռուսների բացառիկության եւ ոչ սլավոնական ծագում ունեցողների թերարժեքության մասին անլեգալ երիտասարդական կազմակերպությունների կողմից տարբեր միջոցներով տարածվող գաղափարների ազդեցության տակ, ամբաստանյալները միավորվել են կազմակերպված խմբում` ասիական եւ կովկասյան տարածաշրջանների նախկին խորհրդային հանրապետություններից ժամանած անձանց սպանություններ կատարելու նպատակով», - ավելի վաղ հաղորդել էր դատախազությունը:

Արթուր Ռինոն դեռ անցած տարի` ձերբակալությունից շատ չանցած, խոստովանել էր, թե մեկ տարվա ընթացքում իր ընկերների հետ կովկասցու կամ ասիացու արտաքինով շուրջ երեք տասնյակ մարդու է սպանել: Իր նախաքննական ցուցմունքներում 18-ամյա Ռինոն մանրամասնորեն պատմել էր, թե ինչպես է «մահապատիժներ ի կատար ածել» եւ «քաղաքը մաքրել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG