Մատչելիության հղումներ

Հայ-բուլղարական հարաբերություններին եւ համագործակցությանը նվիրված գիտաժողով


Վերջին երկու տարվա ընթացքում Երեւանի պետհամալսարանը պայմանագրեր է կնքել Բուլղարիայի երկու համալսարանների հետ:

ԵՊՀ-ի միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մագարովը նշեց, որ համագործակցությունը Բուլղարիայի համալսարանների հետ զարգանում է հիմնականում երեք ուղղությամբ` բանասիրություն, պատմագիտական հետազոտություններ եւ կենսաբանություն:

Մագարովի խոսքով, Բուլղարիայում հայագիտությամբ հետաքրքրվողների թիվը այնքան էլ մեծ չէ:

Անդրադառնալով ուսանողների փոխանակման ծրագրերին` նա հայտնեց, որ ԵՊՀ-ի կենսաբանության ֆակուլտետից են միայն մի քանի ուսանող մեկնել Բուլղարիայի Սոֆիայի համալսարան ուսանելու, մյուս ֆակուլտետների հետ դեռեւս նման ծրագրեր չեն իրականացվել:

Սոֆիայի համալսարանի դասախոս, «Հայոց լեզու, գրականություն» առարկայի դասախոսի օգնական Անտուանետա Անգելովան ասաց, որ Հայաստանի եւ Բուղարիայի ջերմ հարաբերությունները արտահայտվում են մի շարք ոլորտներում, որոնցից են մշակույթը եւ կրթությունը:

Նշելով, որ իրեն եւ բուլղարացի ուսանողներին հետաքրքրում է ժամանակակից հայ գրականությունը, Անգելովան հավելեց. - «Մենք Խորհրդային Միության փլուզումից հետո Հայաստանից ոչ մի գիրք չենք ստացել, մեր ուսանողներից շատերն են ցանկանում ծանոթանալ հայ գրողների նոր գործերին, սակայն դա, ավաղ, չի ստացվում: Հուսով ենք, որ այս համաժողովն այդ առումով օգտակար կլինի»:

Սոֆիայի համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողուհի Նադիան նշեց, որ հետաքրքրված է Հայաստանի մշակույթով: «Իմ կարծիքով, հայերի եւ բուլղարացիների պատմությունը նման է: Երեք տարի ուսումնասիրում եմ հայոց լեզուն եւ գրականությունը, շատ լավ հասկանում եմ, ինչպես նաեւ խոսում եմ հայերեն», - ասաց նա:

Սոֆիայի համալսարանում հայագիտության ամբիոնը ստեղծվել է 1995 թվականին:

ԵՊՀ-ի ռուս բանասիրության ֆակուլտետում արդեն երեք տարի է ուսումնասիրում են նաեւ բուլղարերեն:

Դեռ համաժողովից առաջ երկու երկրների պատվիրակությունները համաձայնության են եկել Բուլղարիայում Հայաստանի օրերի անցկացման վերաբերյալ:


Լիանա Մնացականյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG