Մատչելիության հղումներ

Թոմաս Համմարբերգը հրապարակում է մարտիմեկյան իրադարձությունների քննության վերաբերյալ իր եզրակացությունները


«Կա ազատազրկվածների վերաբերյալ գոհացնող լուծման հասնելու եւ մարտի իրադարձությունների համար մեղավորներին պատասխանատվության կանչելու հրատապ անհրաժեշտություն». - այս հիմնական ուղերձով Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը այսօր Ստրասբուրգում հրապարակել է հուլիսի 13-15-ը Հայաստան կատարած այցի վերաբերյալ իր եզրակացությունների ամփոփումը։

«Ազատությունից զրկված անձանց իրավիճակը շարունակում է լուրջ մտահոգության աղբյուր լինել», - ասել է հանձնակատարը։ - «Անպատասխան են մնում հարցեր` կապված քրեական մեղադրանքների բնույթի եւ իրականացվող հետաքննության նպատակների հետ»։

Հայաստանում Եվրախորհրդի տեղեկատվական գրասենյակի փոխանցմամբ` Համմարբերգը ափսոսանք է հայտնել, որ «19 անձանց նկատմամբ քրեական գործերը հիմնված էին միայն ոստիկանական վկայության վրա»։

Հանձնակատարը հատկապես մտահոգված է 7 անձանց` ներառյալ ընդդիմության հայտնի ներկայացուցիչների, նախնական կալանքում գտնվելու կապակցությամբ: «Անընդունելի է շարունակել կալանքի տակ պահել կամ դատապարտել (նույնիսկ ազատազրկում չնախատեսող պատժամիջոցների) որեւէ մեկին զուտ նրա քաղաքական համոզմունքների կամ ոչ բռնի գործողությունների համար», - ընդգծել է Թոմաս Համմարբերգը:

«Այնուհետեւ Հանձնակատարը անդրադարձել է ազգային հետաքննող հանձնաժողովի ստեղծմանը։ Ողջունելով այս առումով Կառավարության պրոակտիվ մոտեցումը՝ նա առաջարկել է, որ շարունակական ջանքեր գործադրվեն միջազգային փորձագիտական խորհրդատվության եւ ընդլայնված ու ամբողջապես ընդգրկուն խորհրդակցությունների գործընթացի միջոցով», - նշված է Եվրախորհրդի հաղորդագրությունում:

«Փորձագիտական խմբի ստեղծումը, որին կհանձնարարվի իրականացնել համապարփակ, անկախ, անկողմնակալ ու թափանցիկ քննություն, որը արժանահավատ կընկալվի Հայաստանի ողջ բնակչության կողմից, թվում է հասանելի է։ Հուսով եմ, որ այս հնարավորությունը կընդունվի եւ կշարունակի կառուցողական արձագանքներ ստանալ բոլոր համապատասխան դերակատարներից», - հայտարարել է Թոմաս Համմարբերգը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG