Մատչելիության հղումներ

Վերահսկիչ պալատը «խայտառակ» խախտումներ է արձանագրել Սյունիքի մարզում


Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը հրապարակեց փաստեր Սյունիքի մարզի 23 համայնքներում հայտնաբերված շուրջ 394 մլն դրամի եւ Սյունիքի մարզպետարանում արձանագրված 180 մլն դրամից ավելի չարաշահումների վերաբերյալ: Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, մինչդեռ, «անհիմն» է որակում հրապարակված փաստերը:

Զաքարյանի խոսքով, պետական գույքի առքուվաճառքի «խայտառակ դեպքեր են արձանագրվել որոշ համայնքներում». - «Ռեկորդակիրը Ղափանի քաղաքապետն է: 5200 քառակուսի մետր բնակելի ֆոնդը, որոշում է կայացրել ավագանու հետ միասին` վաճառել 3500 դրամով»:

Գյուղապետերից ոմանք բյուջեի գումարները ծախսել են անձնական խնդիրները հոգալու համար. Սյունիքի գյուղապետը 4 միլիոն դրամ փոխանցել է իր որդու անունով բացված ընկերությանը: Մարզում հայտնաբերվել են 100 մլն դրամ արժողությամբ ջրատար խողովակների գողության, ցածր գնով վաճառքի դեպքեր:

Վերահսկիչ պալատի նախագահը հրապարակեց նաեւ փաստեր Սյունիքի մարզպետարանում հայտնաբերված 180 միլիոն դրամից ավելի չարաշահումների վերաբերյալ:

«Բավականին լուրջ չարաշահումներ մենք հայտնաբերել ենք շինարարության ոլորտում` շուրջ 94,5 մլն դրամ, եւ այսօրվա վիճակով այս գումարներից 10 միլիոնից քիչ ավելին վերականգնվել է գումարային տեսքով հատուկ բացված հաշվեհամարին, մնացածը Սյունիքի մարզպետարանի համապատասխան պաշտոնյաների կողմից տեղեկանք է տրամադրվել Վերահսկիչ պալատին, որ աշխատանքներով վերականգնվել է», - ասաց Իշխան Զաքարյանը:

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, սակայն, «Ազատույթուն» ռադիոկայանին ասաց, թե որեւէ փաստաթուղթ չի ստորագրվել. - «Մենք ոչ մի փաստաթուղթ չենք ստորագրել: Մարզպետարանը չի կարող թույլ տալ նման խախտում»:

Իշխան Զաքարյանի մամուլի խոսնակը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց հետեւյալ պարզաբանումը. - «Չենք հասկանում Սուրեն Խաչատրյանի հայտարարությունը: Վերահսկիչ պալատի հայտնաբերած խախտումների կապակցությամբ Սուրեն Խաչատրյանը ստեղծել է հանձնաժողով, որի վերաբերյալ տեղեկանքը Վերահսկիչ պալատ է ուղարկել օգոստոսի 5-ին»:

Իշխան Զաքարյանը մանրամասնեց, թե կոնկրետ ինչ չարաշահումներ են եղել եւ ինչ գումարների, այդ թվում` «գների ուռճացում, անորակ տեղադրված ապրանքներ» եւ այլն:

Մարզպետ Խաչատրյանը Վերահսկիչ պալատի նախագահի հրապարակած տվյալներից որեւէ մեկը չի ընդունում: Իսկ հրապարակված փաստերը որակում է «անհիմն»:

«Իշխան Զաքարյանը դեռեւս մարտ ամսին, երբ պիտի գային ստուգեին, նախքան ստուգելը ինքը հրապարակել էր մի քանի հարյուր միլիոն... դեռ չստուգած, եւ այսօր ինչ-որ մեկին ուզում է ապացուցել, որ այդպիսի թվեր կան` առանց հասկանալու», - ասաց մարզպետը:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան, Վերահսկիչ պալատի նախագահն ասաց, թե որոշ նյութեր դատախազությանը կտրամադրեն ստուգումների ավարտին, հավանաբար` դեկտեմբերի վերջին:


Անուշ Մարտիրոսյան

(Լուսանկարում` Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG