Մատչելիության հղումներ

Նշվեց Վազգեն Ա կաթողիկոսի ծննդյան 100-ամյակը


Շաբաթավերջին` սեպտեմբերի 20-ին, լրացավ երջանկահիշատակ Վազգեն Առաջին կաթողիկոսի ծննդյան 100-ամյակը: Այդ կապակցությամբ պատարագ մատուցվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, իսկ Վազգեն Առաջինի շիրիմի մոտ հոգեհանգստյան կարգ կատարեց Վեհափառ Հայրապետ Գարեգին Երկրորդը:

Այսօր Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում կայացավ հոբելյանին նվիրված գիտաժողով, որին մասնակցում էր նաեւ հոգեւոր բարձրաստիճան դասը` Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի գլխավորությամբ:

Բանախոսները` հիմնականում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանները, հանգամանորեն անդրադարձան Վազգեն Ա կաթողիկոսի գործունեության ամենատարբեր ոլորտներին` սկսած էկումենիկ գործունեությունից մինչեւ վերանորոգչական եւ եկեղեցաշինական գործունեությունը, հոգեւոր դասի գիտակրթական զարգացումը եւ այլն:

«Վազգեն Առաջին հայրապետը 39 տարիներ բազմեց եւ գործեց լուսավորչահաստատ գահին Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցում», - իր խոսքում ասաց Գարեգին Բ կաթողիկոսը: - «Ժամանակները դժվարին էին, անհրաժեշտությունները` բազմաթիվ... Նորագիտությամբ ու հեռատեսությամբ նա կարողացավ բարեկարգել եւ շենացնել Սուրբ Էջմիածինը, վերաբացել եկեղեցիներ, կրթել ու պատրաստել եկեղեցական սերունդ, ովքեր այսօր ծառայում են մեր եկեղեցու աշխարհսփյուռ թեմերում: Լույս եւ օրհնություն Վազգեն Առաջին Ամենայն Հայոց Հայրապետի պայծառ հիշատակին»:

Վազգեն Առաջինը Ամենայն հայոց կաթողիկոս է ընտրվել 1955 թվականին եւ Հայաստանյայց առաքելական եկեղեցու հովվապետն է եղել շուրջ 39 տարի:



Գայանե Դանիելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG