Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանի հավաստմամբ, Հարավային Օսիան եւ Աբխազիան ճանաչելու խնդիր Հայաստանի օրակարգում չկա


«Այսօր մեր օրակարգում Հարավային Օսիան եւ Աբխազիան ճանաչելու խնդիր չունենք», - հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շաբաթավերջին մի խումբ օտարերկրյա լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:

Հայաստանի նախագահը, «Մեդիամաքս» լրատվական գործակալության հաղորդմամբ, մասնավորապես, պատասխանել է հարցերին այն մասին, թե Հայաստանն ինչո՞ւ չճանաչեց Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախությունը եւ պատրա՞ստ է արդյոք ճանաչելու Լեռնային Ղարաբաղի անկախությունը:

«Ոչինչ չի կարող բացառվել: Այսօր մեր օրակարգում Հարավային Օսիան եւ Աբխազիան ճանաչելու խնդիր չունենք: Միգուցե Ձեզ համար տարօրինակ թվա, որ մենք մշտապես եղել ենք ինքնորոշման իրավունքի կողմնակից, բայց չենք ճանաչել Կոսովոն, Հարավային Օսիան եւ Աբխազիան: Մեր մոտեցումը պարզ է. մենք ինքներս ունենք նման խնդիր` Լեռնային Ղարաբաղի խնդիրը: Մենք չենք կարող ճանաչել Կոսովոն, Հարավային Օսիան եւ Աբխազիան, նախքան Լեռնային Ղարաբաղի ճանաչումը: Իսկ ինչո՞ւ չենք ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Որովհետեւ, այսօր մենք Ադրբեջանի հետ բանակցային գործընթացում ենք եւ ցանկանում ենք խնդրի լուծմանը հասնել խաղաղ բանակցությունների ճանապարհով: Հիշո՞ւմ եք, որ Կոսովոյի եւ մյուս դեպքերում էլ ասվում էր, որ ճանաչումը դա վերջին միջոցն է: Եթե որեւէ այլ միջոց չմնա, ապա Հայաստանը կճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը», - նշել է ՀՀ նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG