Մատչելիության հղումներ

Հայկ Դեմոյան. «Թուրքիան վախենում է ընդունել Հայոց ցեղասպանությունը»


Եթե Թուրքիան տեղի տա միջազգային ճնշմանը եւ ճանաչի 1915-22 թվականների Հայոց ցեղասպանությունը` փլուզման վտանգի առջեւ կհայտնվի նրա աշխարհիկ քաղաքական համակարգը, ինչպես եղավ Խորհրդային Միության դեպքում: Նման համոզմունք է հայտնել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանը բրիտանական «Գարդիան» պարբերականին տված հարցազրույցում:

Պատմաբանի համոզմամբ` պաշտոնական Անկարան չի կարող ճանաչել մեկեւկես միլիոն հայերի ցեղասպանությունը, քանի որ դա կհանգեցնի «պատմության լիակատար սրբագրմանը եւ կսասանի թուրքական պետության հիմքերը»:

Դեմոյանը շեշտել է, որ պատմական փաստաթղթերը ապացուցում են հայերի եւ այլ ազգերի դեմ Թուրքիայի հանրապետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքի իրականացրած «պատերազմական հանցագործությունները», որոնց նպատակն էր էթնիկապես միատարր թուրքական պետության ստեղծումը. - «Թուրքերը խուճապի մեջ են ընկնում, երբ Աթաթուրքին համեմատում ես Լենինի հետ: Աթաթուրքը ռազմական դատարանի կողմից հեռակա կարգով մահվան է դատապարտվել Առաջին աշխարհամարտի ընթացքում պատերազմական հանցագործությունների համար: Կան ոչ հայկական աղբյուրների փաստաթղթեր, որոնցում նա դասված է պատերազմական հանցագործների շարքում»:

«Վախը պատմության սրբագրումից` ժամանակակից Թուրքիայի գլխավոր վախն է», - հայտարարել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը` հավելելով. - «Դա վախ է պատմական իրողությանը դեմ հանդիման կանգնելուց եւ այն գաղափարական առանցքի լիակատար կործանումից, որի շուրջ ձեւավորված է արդի Թուրքիան»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG