Մատչելիության հղումներ

Դատախազությունն ուսումնասիրում է ընդդիմության տարածած տեսաֆիլմը


Հայաստանի գլխավոր դատախազի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ դատախազությունում ուսումնասիրվել է ընդդիմության տարածած, իր բնորոշմամբ` «Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական ակտիվության» վերաբերյալ տեսաֆիլմը:

«Ակնհայտ է, որ ֆիլմում օգտագործվել են տարբեր ժամանակահատվածներում տարբեր անձանց եւ կառույցների կողմից կատարված նկարահանումներ` քաղաքական նպատակներով կատարված որոշակի մոնտաժումներով», - ասաց Տռուզյանը` հավելելով. - «Այդուհանդերձ, նկատի ունենալով, որ ֆիլմում օգտագործվել են նաեւ կադրեր մարտի 1-2-ին մայրաքաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների, ոստիկանների կողմից ֆիզիկական ուժի կիրառման վերաբերյալ, գլխավոր դատախազը հանձնարարել է նախաքննական մարմնին ուսումնասիրել այն, նշանակել փորձաքննություն եւ քննության առարկա դարձնել բոլոր այն կադրերը, որոնք նախկինում չեն եղել նախաքննական մարմնի տրամադրության տակ»:

Գլխավոր դատախազի խոսնակի հավաստմամբ` քննության արդյունքների մասին հանրությունը տեղյակ կպահվի:

Հիշյալ տեսաֆիլմը ընդդիմության ձեւավորած` մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող հասարակական հանձնախմբի կողմից շրջանառության մեջ է դրվել սեպտեմբերի 10-ի ասուլիսի ժամանակ:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG