Մատչելիության հղումներ

Արա Գոչունյան. «Գյուլը գոհ է Երեւան կատարած այցելությունից»


Ստամբուլում լույս տեսնող «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը, ով միակ հայազգի լրագրողն էր Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի հետ Հայաստան ժամանած լրագրողների խմբում, «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում փոխանցեց, որ, դրական գնահատելով երեւանյան այցը, Թուրքիայի նախագահը երախտագիտությամբ է խոսել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ջերմ ընդունելության մասին:

«Առաջին հերթին Գյուլը ասաց, որ իր այցելությամբ երկու կողմերի միջեւ արդեն վերացած է բարոյահոգեբանական պատնեշը», - ասաց Գոչունյանը: - «Իր վերադարձի տպավորությունների մեջ [Թուրքիայի նախագահը] ասաց, թե այցելության նախապատրաստական հանգրվաններում խոստացածը հայկական կողմը իրականացրեց, ուստի շնորհակալություն հայտնեց հայկական կողմին անկեղծ համագործակցության համար»:

Լրագրողների հետ զրույցում Գյուլը անդրադարձել է նաեւ Ղարաբաղի խնդրին` նշելով, որ Հարավային Կովկասում սառեցված հակամարտություններից Թուրքիայի համար ամենակարեւորը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն է: Երեւանում հարցը քննարկվել է Հայաստանի նախագահի նախաձեռնությամբ եւ, ըստ Թուրքիայի նախագահի, քննարկումը իր սպասածից ավելի երկար է տեւել:

Աբդուլա Գյուլը ընդգծել է, թե Թուրքիան ինչպես Արեւմուտքում Բալկանների կայունությամբ է հետաքրքրված, այնպես էլ Արեւելքում` Կովկասի կայունությամբ:

Գոչունյանի փոխանցմամբ, Թուրքիայի նախագահը «շատ կարեւոր» է համարել Հայաստանի հետ շփման հնարավորությունը:

Թեեւ Երեւանում հայ - թուրքական սահմանի վերաբացման շուրջ որեւէ որոշում չի կայացվել, Գյուլը, «Ժամանակ»-ի խմբագրի խոսքով, ասել է, որ եթե հայ - թուրքական հարաբերություններում պահպանվի «այս դրական մթնոլորտը», ապա «մնացած բոլոր խնդիրները կլուծվեն ինքնաբերաբար»:

Արա Գոչունյանը ասաց նաեւ, որ առաջին անգամ է, որ Թուրքիայի հասարակական շրջանակներում եւ հատկապես զանգվածային լրատվամիջոցներում «միասնական դրական վերաբերմունք է արտահայտվում հայ - թուրքական հարաբերությունների հեռանկարի վերաբերյալ»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG