Մատչելիության հղումներ

Աբդուլա Գյուլը «արդյունավետ» է համարում իր երեւանյան այցը


Երեւանից Անկարա վերադարձի ճանապարհին, օդանավում լրագրողների հետ զրույցում Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը իր այցը Երեւան գնահատել է «արդյունավետ եւ խոստումնալի»` հույս հայտնելով, որ դա կարող է բեկում մտցնել հայ-թուրքական հարաբերություններում:

«Ես հավատացած եմ, որ իմ այցը վերացրեց Կովկասում գոյություն ունեցող հոգեբանական պատնեշը: Եթե այս մթնոլորտը շարունակական լինի, ամեն ինչ առաջ կշարժվի ու կնորմալանա: Այցելությունս ավարտեցի դրական զգացումներով եւ մտքերով», - թուրքական «Հյուրիեթ»-ի մեջբերմամբ, ասել է Գյուլը:

Տեղեկացնելով, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ քննարկել են երկկողմ հարաբերություններին ու տարածաշրջանային խնդիրներին առնչվող հարցեր` Թուրքիայի նախագահը, ըստ «Անատոլիա» գործակալության, միաժամանակ ասել է, որ հայ-թուրքական սահմանի վերաբացման մասին չեն խոսել:

«Կովկասի ամենակարեւոր հարցը Ղարաբաղյան հիմնահարցն է. Իմ այցը Երեւան կարող է նպաստել այդ հարցի լուծմանը: Մեզ համար նաեւ
հաճելի էր տեղեկանալ,որ Հայաստանը սատարում է Կովկասում կայունության եւ համագործակցության պլատֆորմ ստեղծելու` Թուրքիայի առաջարկը», - ասել է Աբդուլա Գյուլը:

«Հյուրիեթ»-ի փոխանցմամբ, նա միաժամանակ տեղեկացրել է, որ հանդիպումների ընթացքում խոսք չի եղել Հայոց ցեղասպանության մասին:

«Հայաստանի պաշտոնյաները որեւէ մեկնաբանությամբ հանդես չեն եկել այսպես կոչված «ցեղասպանության» առնչությամբ», - թուրքական թերթի մեջբերմամբ, ասել է Գյուլը:

Թուրքական լրատվամիջոցները, վկայակոչելով «Ֆրանսպրես»-ը, փոխանցում են, որ Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը, ով ուղեկցում էր Գյուլին եւ այնուհետեւ հանդիպեց Էդուարդ Նալբանդյանի հետ, հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է քննարկել Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հարցը:

Երկու արտգործնախարարները համաձայնության են եկել կրկին հանդիպել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում, որը առաջիկայում տեղի է ունենալու Նյու Յորքում:


Իրինա Հովհաննիսյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG