Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«168 ժամ»-ի մեկնաբանը գրում է. - «Քառակուսի նույն մետրի վրա Հայաստանի եւ Թուրքիայի նախագահների ներկայությունն, այդուհանդերձ, կջարդի հայերի եւ թուրքերի գենետիկ անհամատեղելիության մասին նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հնչեցրած դիագնոզը»: Իսկ ֆուտբոլային հանդիպման մասին նույն թերթում նշված է. - «Հանդիպումն իսկապես պատմական է, եւ ոչինչ չի կարող ստվերել ֆուտբոլային խաղի այդ նշանակությունը: Նույնիսկ Դաշնակցության` Գյուլի դեմ նախատեսված ակցիաները: Թեեւ, մեղմ ասած, անհասկանալի է` գոնե ներկայիս իրավիճակում իրականում ում դեմ են ուղղված լինելու այդ ակցիաները` Թուրքիայի՞, թե՞ Հայաստանի նախագահի ու պետական շահերի»:

Ըստ «Հայք»-ի` «անկասկած, ՀՅԴ-ականները ցույցեր, պիկետներ եւ բողոքի այլ գործողություններ անելու իրավունք ունեն, բայց խիստ տրամաբանական կլիներ, որ նրանք այս ամենը անեին կառավարող կոալիցիայից դուրս գալուց հետո»:

«Առավոտ»-ի խմբագրի կարծիքով` «այն, որ Դաշնակցությունը բողոքի ակցիաներ է անցկացնում Թուրքիայի նախագահի այցի հետ կապված` սկզբունքորեն ճիշտ է եւ նույնիսկ օգտակար»: «Դաշնակցությունը նման բաների համար է պետք: Ավելին` այդ կուսակցության հայտարարության մեջ տեղ գտած կետերը արտացոլում են իրականությունը. Թուրքիան չի ճանաչում Ցեղասպանությունը, շրջափակման մեջ է պահում Հայաստանը եւ մեզ էլ փորձում է պարտադրել, որ հրաժարվենք Ցեղասպանության հարցի հետապնդումից ու Ղարաբաղից»: «Դժվար թե Հայաստանում մարդ գտնվի, որը կարող է ժխտել այս անառարկելի ճշմարտությունները», - գրում է խմբագիրը` հավելելով. - «Ուրիշ հարց, որ ոչ բոլորի համար դրանք կարող են հիմք հանդիսանալ բողոքի ակցիաների համար: Ռուսաստանում էլ գրեթե ամեն օր հայ է սպանվում, այդ սպանությունները կատարվում են ազգային խտրականության հողի վրա, իսկ ՌԴ դատարանները չափազանց մեղմ են գտնվում ռասիստ մարդասպանների նկատմամբ: Բայց երբ գալիս են ռուս պաշտոնյաները, մեր մտքով անգամ չի անցնում ի ցույց դնել նրանց այդ իրողությունները: Ոչինչ չես կարող անել` ռազմավարական գործընկեր է»:

«Հայոց Աշխարհ»-ը տեղեկացնում է. - «Աբդուլլահ Գյուլի անվտանգությունը, հայ իրավապահների հետ միասին, թուրքական կողմից պետք է ապահովի 50 հոգիանոց պահակազորը: Հայ եւ թուրք ոստիկանական խմբերը համատեղ մշակել են Երեւանում Գյուլի տեղաշարժի բոլոր ուղիները: Երեւանում եւ «Հրազդան» մարզադաշտում Գյուլի անվտանգությունը ապահովելու համար թուրքական կողմը 8 դիպուկահարներ է գործուղել, որոնք պետք է աշխատեն հայ դիպուկահարների հետ համատեղ: Ֆուտբոլային հանդիպման ընթացքում հնարավոր հարձակման չենթարկվելու համար Սերժ Սարգսյանի եւ Գյուլի նստատեղերի առաջ գնդակ բաց չթողնող ապակիներ են տեղադրվել: Արդեն Երեւան է ուղարկվել Գյուլի զրահապատ մեքենան եւ պահպանության սարքավորումները»:

«Հայկական ժամանակ»-ը տեղեկացնում է, որ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել «Չորրորդ իշխանություն» օրաթերթի լրագրող Գոհար Վեզիրյանի եւ ֆոտոթղթակից Գագիկ Շամշյանի դեմ` դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու մեղադրանքով:

«Առավոտ»-ը գրում է. - «Կառավարության օգոստոսի 28-ի նիստի օրակարգում էր «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը: Սեպտեմբերի 3-ին Ազգային ժողով ուղարկված այս նախագիծը մինչ այժմ հրապարակված չէ: Երեւանի մամուլի ակումբն այս կապակցությամբ նշել է. - «Կառավարությունը կասկածվում է դավադրության մեջ»: Այդպես էլ կա, քանզի այս նախաձեռնությամբ առաջարկվում է. - «Մինչեւ 2010-ի հուլիսի 20-ը հեռուստառադիոհեռարձակման լիցենզավորման մրցույթներ չեն հայտարարվում»: Ներկայացնելով մրցույթների հետաձգման պատճառաբանությունը, թե Հայաստանն անցնում է հեռարձակման թվային համակարգի, եւ որ Հայաստանում այն կարող է սկսվել 2010 թվականից` «Առավոտ»-ը ընդգծում է. - «Այսինքն, կարող է եւ չսկսվե՞լ: Բայց արտոնագրեր պետք է չտրամադրվեն հենց այսօրվանից: Հարց է առաջանում` ինչո՞ւ: Պատասխանն ակնհայտ է` հոկտեմբերին վերջապես պիտի կայանային մրցույթներ, եւ 2002-ից եթերից զրկված «Ա1+»-ին հեռարձակման հնարավորություն տալու պահանջներին ի պատասխան` Հայաստանի իշխանությունը չէր կարող այլեւս պատճառաբանել, թե չկան ազատ կապուղիներ: Այս օրինագծով մրցույթներ անցկացնելու հնարավորությունը հետաձգվում է եւս 2-3 տարով»: «Ա1+»-ի նախագահ Մեսրոպ Մովսեսյանն էլ «Առավոտ»-ում ասում է. - «Սա հերթական խարդախությունն է ՀՌԱՀ-ի կողմից` կառավարության օգնությամբ, որով ցույց են տալիս հարցի ոչ դրական լուծման ուղիներ որոնելու իրենց ջանքերը»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG