Մատչելիության հղումներ

ՀԱՊԿ-ի արտգործնախարարները հայտարարություն ընդունեցին Հարավային Օսիայի վերաբերյալ


Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների արտգործնախարարների խորհուրդը այսօր Մոսկվայում կայացած նիստի ժամանակ հայտարարություն է ընդունել Հարավային Օսիայում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության վկայությամբ` հայտարարությունում, մասնավորապես, ասված է. - «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարները խորապես մտահոգված են Հարավային Օսիայում վրացական կողմի ձեռնարկած ռազմական գործողությունների առնչությամբ, որոնք հանգեցրին բազմաթիվ զոհերի խաղաղ բնակչության շրջանում, ռուսաստանցի խաղաղապահների զոհվելուն եւ ծանր հումանիտար աղետի: Ողբերգությունը Հարավային Օսիայում ցույց տվեց Կովկասյան տարածաշրջանում ռազմական ներուժի ծավալման եւ հակամարտությունների ուժային լուծման փորձերի ամբողջ վտանգավորությունը»:

Ըստ ՀԱՊԿ-ի անդամ երկրների արտգործնախարարների` «իրադարձությունները Հարավային Օսիայի շուրջ ցույց տվեցին նաեւ միջազգային հարաբերություններում երկակի ստանդարտների քաղաքականության վտանգավորությունը»:

Նախարարները բոլոր պետություններին կոչ են անում «հավասարակշռված եւ անաչառ մոտենալ իրավիճակի գնահատմանը, չձեռնարկել գործողություններ, որոնք կարող են է’լ ավելի սրել այն»:

«Նախարարները սատարում են Ռուսաստանի Դաշնության ակտիվ դերը Կովկասում խաղաղությանը եւ համագործակցությանը նպաստելու հարցում եւ հանդես են գալիս Հարավային Օսիայում եւ Աբխազիայում կայուն անվտանգության ապահովման օգտին` ՄԱԿ-ի Կանոնադրության, 1975 թվականի Հելսինկյան եզրափակիչ ակտի, 1966 թվականի միջազգային պայմանագրերի եւ միջազգային իրավունքի այլ հիմնարար փաստաթղթերի հիման վրա», - ասված է հայտարարությունում:

Հակամարտության ուժային լուծման նոր փորձեր թույլ չտալու, տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ապահովման նպատակով արտգործնախարարները «հանդես են գալիս Ռուսաստանի Դաշնության նախագահի եւ Ֆրանսիայի նախագահի կողմից մշակված կարգավորման սկզբունքների անվերապահ կատարման օգտին»:

Փաստաթուղթը ստորագրել են ՀԱՊԿ-ում ընդգրկված բոլոր 7 երկրների` Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի արտգործնախարարները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG