Մատչելիության հղումներ

Լեւոն Տեր-Պետրոսյան. «Կոնգրեսի կայացումը ինքնաբերաբար բերելու է Սերժ Սարգսյանի հրաժարականին»


Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը երեքշաբթի օրը, հայտարարեց, որ Հայ ազգային կոնգրեսի կայացումը «ինքնաբերաբար բերելու է Սերժ Սարգսյանի հրաժարականին», ինչը, ըստ ընդդիմության առաջնորդների վերջին հայտարարությունների, այլեւս իրենց հիմնական պահանջն է լինելու:

Լրագրողների հետ այսօր կայացած հանդիպմանը պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչ ձեւով են հասնելու Սերժ Սարգսյանի հրաժարականին, եւ որքանով է ինքը դա իրատեսական համարում, Լեւոն Տեր-Պետրոսյանը ասաց, որ իրենց գործունեության հիմնական էությունը [Հայ ազգային] կոնգրեսի կայացումն է լինելու, որը ինքնաբերաբար բերելու է Սերժ Սարգսյանի հրաժարականին:

«Պետք է Սերժ Սարգսյանը գա մի պահի, երբ տեսնի, որ հասարակության մեծամասնությունը իրեն չի ընդունում, եւ ինքը այլեւս չի կարող կառավարել այս երկրում», - հավելեց նա: - «Ես դրան ձգտում եմ` կհաջողվի, թե չի հաջողվի, Աստված գիտի: Ես համեստ մարդ եմ, երբեք իմ ուժերը չեմ գերագնահատել: Ես դրել եմ նպատակ. կհանենք` կհասնենք, չենք հասնի` ոչինչ, աշխարհը չվերջացավ»:

Հարցին, թե չի պատրաստվում ընդդիմությունը «վերջապես ճանաչել ընտրությունների արդյունքները, ինչից հետո իշխանությունները, թերեւս բաց կթողնեն ազատազրկված ընդդիմադիրներին», Տեր-Պետրոսյանն արձագանքեց, թե դա «տեռորիստի հոգեբանություն է». - «Տեռորիստը պատանդ է վերցնում մարդկանց, հետո դնում իր պահանջները. ասում է` սա կկատարես, բաց կթողնեմ: 76 հոգու պատանդ է վերցրել այդ մարդը [Սերժ Սարգսյանը]: Մինչեւ պատանդներին բաց չթողնի, որեւէ դիալոգ նրա հետ հնարավոր չէ»:

«Հազար տարի էլ անցնի, միլիոն տարի էլ անցնի, ես, մեր շարժումը, ժողովրդի մեծամասնությունը չի ընդունելու 2008 թվականի նախագահական ընտրությունների արդյունքները… Դա ուղղելու մեկ ձեւ կա` անցկացնել նոր նախագահական ընտրություններ», - հայտարարեց Հայաստանի առաջին նախագահը:

Պատասխանելով Աբդուլա Գյուլի` Հայաստան գալուն վերաբերող հարցին, Տեր-Պետրոսյանը ասաց, որ ողջունում է նրան արված հրավերը, «առիթը հարմար է, հատուկ քաղաքական ինտրիգ չկա», եւ «դա կարող է հնարավորություն տալ սառույցը հալեցնելու համար»:

«Թուրքիայի հետ մենք պետք է հաստատենք նորմալ, բարիդրացիական հարաբերություններ` առանց նախապայմանների: Երբ այս բանը ես ասում էի, ասում էին` էս ինչ դավաճանություն է: Հիմա իրենք արդեն գիշեր-ցերեկ դա կրկնում են, դրա [դավաճանության] մասին ոչ ոք չի խոսում», - հավելեց նա:

Ասուլիսում Հայաստանի առաջին նախագահը հրապարակեց երեք փաստաթուղթ, որոնք, իր ձեւակերպմամբ` «չափազանց կարեւոր նշանակություն ունեն ընդդիմության դեմ Հայաստանի իշխանությունների կազմակերպած հրեշավոր դավադրության էությունը բացահայտելու առումով»:

Առաջին փաստաթուղթը Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ժորա Վարդանյանի` փետրվարի 19-ի որոշումն է, որով բավարարվել է Ազգային անվտանգության ծառայության գերենալ-մայոր Նանյանի միջնորդությունը Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի «հեռախոսային խոսակցությունները վերահսկելու», ինչպես նաեւ «արտաքին եւ ներքին դիտում» իրականացնելու վերաբերյալ:

«Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Ալեքսանդր Արզումանյանը եղել է Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածուներից մեկի շտաբի պետը, նշանակում է` քվեարկության օրը իշխանությունները լիովին վերահսկել են այդ շտաբի ողջ անցուդարձը` ընտրախախտումների վերաբերյալ տեղամասերից ստացվող ահազանգերը, վստահված անձանց, դիտորդներին, լրագրողներին տրվող տեղեկությունները, ինչպես նաեւ բողոքարկումների հետ կապված ցուցումները», - պարզաբանեց Լեւոն Տեր-Պետրոսյանը: - «Խոսքը վերաբերում է Սահմանադրության եւ Ընտրական օրենսգրքի կոպտագույն խախտման մի արտառոց դեպքի»:

«Հետաքրքիր կլիներ իմանալ», - շարունակեց նա, - «եթե այս փաստաթուղթը ժամանակին հայտնի լիներ ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելության ղեկավար Գերտ Արենսին կամ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանին, ապա ինչպիսի՞ վճիռ կկայացնեին նրանք անցած նախագահական ընտրությունների մասին»:

Նախագահի նախկին թեկնածուն ասաց նաեւ, որ լուրջ հիմքեր կան պնդելու, որ դատավոր Վարդանյանը փետրվարի 19-ին նման որոշում կայացրել է ոչ միայն Արզումանյանի, այլեւ իր նախընտրական շտաբի մյուս անդամների վերաբերյալ:

«Այսինքն, խոսքը վերաբերում է ոչ թե մի մասնավոր, թեեւ արտառոց դեպքի, այլ ընդդիմության նախընտրական պայքարի ապօրինի վերահսկման տոտալ միջոցառման», - հավելեց Տեր-Պետրոսյանը:

Նրա հրապարակած երկրորդ փաստաթուղթը Հատուկ քննչական ծառայության ավագ քննիչ Վահագն Հարությունյանի` մարտի 1-ին քրեական գործ հարուցելու մասին որոշումն է, որտեղ նշված է. - «2008 թվականի մարտի 1-ին ոստիկանության ուժերը Ազատության հրապարակ են ժամանել առավոտյան ժամը 6-ի սահմաններում»: Սա, առաջին նախագահի համոզմամբ, «ավելորդ է դարձնում տվյալ միջոցառման մասին բոլոր տեսակի խոսակցությունները»:

«Խորհրդարանական հանձնաժողովը արդեն մի ամիս է զբաղված է այդ հարցը ճշտելով, մինչդեռ հարցը ճշտված է պաշտոնական փաստաթղթով», - հայտարարեց Լեւոն Տեր-Պետրոսյանը: - «Հետեւաբար, ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների հետագա պնդումներն այն մասին, որ գործողություններն իբր սկսվել են ժամը 7-ից հետո, այլ բան, քան սուտ վկայություն, չեն կարող որակվել, եւ ըստ այդմ պետք է արժանանան համապատասխան իրավական գնահատականի»:

Քրեական գործ հարուցելու որոշման մեջ նշվում է, որ ոստիկանությունը առավոտյան ժամը 6-ին Ազատության հրապարակ է ժամանել «սահմանված կարգի խախտմամբ անցկացվող հրապարակային միջոցառումը հարկադիր դադարեցնելու նպատակով»: Դատախազությունը, մինչդեռ, պնդում էր, թե ոստիկանությունն այնտեղ է եղել «տեղազննություն անցկացնելու» նպատակով:

«Իմ կարծիքով, տեղի է ունեցել հետեւյալը», - այս հակասության մասին ասաց Տեր-Պետրոսյանը: - «Երբ նստացույցը ցրելու նպատակով ժամանած ոստիկանությունը կատարել է իր խնդիրը, ապա ճարպկորեն թփերի տակ տեղադրել ու հեռուստախցիկների առջեւ հայտնաբերել անհրաժեշտ չակերտավոր իրեղեն ապացույցները, դրանից հետո իշխանության բռնազավթման վարկածին ավելի մեծ համոզչականություն հաղորդելու համար մոգոնվել է զննության վարկածը»:

Հրապարակված երրորդ փաստաթուղթը վերաբերում էր 1998 թվականին Ռոբերտ Քոչարյանի գրանցման խնդրին:

«Այս փաստաթուղթը ապացուցում է, որ Ռոբերտ Քոչարյանը 1998 թվականին Երեւանում գրանցված չի եղել, հետեւաբար նախագահ է ընտրվել կեղծ տեղեկանքի շնորհիվ», - ասաց նա: - «Փաստաթուղթը հարցում է Փաստաբանական կոլեգիայի կողմից` ուղղված հասցեների հանրապետական բյուրոյին, 1998 թվականի փետրվարի 18-ին` ճշտելու համար, թե այդպիսի մարդ Երեւանում գրանցվա՞ծ է, թե՞ ոչ: Բյուրոյի պետի պատասխանը հետեւյալն է` «Քոչարյան Ռոբերտ Սեդրակի չի անցնում», այսինքն` չկա այդպիսի գրանցված քաղաքացի Երեւանում»:

Ասուլիսում ներկայացված փաստաթղթերը Հայաստանի առաջին նախագահը պատրաստվում է ուղարկել եվրոպական կառույցներ:


Ռուզաննա Ստեփանյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG