Մատչելիության հղումներ

Զոյա Թադեւոսյան. «Ընտրակեղծիքների դեմ լինելու է դաժան պայքար»


Երեւանի Արաբկիր համայնքում սեպտեմբերի 7-ին անցկացվելիք թաղապետի ընտրություններում պայքարը դյուրին չի լինելու, քանի որ թեկնածուներից մեկը փորձում է օգտագործել վարչական լծակներ, մյուսը ֆինանսական եւ հոգեբանական ճնշումներ է գործադրում: Այդ մասին հայտարարեց ընտրություններում ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցությունից առաջադրված թեկնածու Զոյա Թադեւոսյանը այսօր կայացած ասուլիսում:

Թադեւոսյանը, ով, իր խոսքերով, վայելում է նաեւ Հայ ազգային կոնգրեսի աջակցությունը, ասաց. - «Դժվարին պայքար է, շատ դժվարին, քանի որ երբ մտնում ես պայքարի մեջ եւ քեզ համար սկզբունք ես դարձնում գործունեության թափանցիկությունը, հանդիպում ես բազմաթիվ խոչընդոտների, որոնք ուղղված են թափանցիկության դեմ: Ես ոչ միայն աշխատում եմ իմ թեկնածությունն ավելի ամբողջական ներկայացնելու ուղղությամբ, այլ նաեւ կանխելու այն բոլոր ընտրակեղծիքները, որոնք իմ մրցակիցները փորձում են կապել նորից, մեկ անգամ եւս մեր ժողովրդի վզին»:

Թաղապետի ընդդիմադիր թեկնածուն, ով նախկինում ներկայացնում էր «Ժառանգություն»-ը Կենտրոնական ընտրական հանձնաժողովում, վստահեցրեց, որ դժվար է լինելու նաեւ ընտրակեղծիքներ իրականացնելը: «Ընտրակեղծիքների դեմ լինելու է դաժան պայքար», - շեշտեց նա:

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը, իր հերթին, հայտարարեց. - «Բոլոր նրանք, ովքեր նման քայլեր են ձեռնարկելու, հրաշալի պետք է իմանան, որ դրա համար պատասխանատվության են ենթարկվելու, որովհետեւ մենք` այս պահին թույլ տվեք չասել, թե ինչ մեթոդներով, բայց, այնուամենայնիվ, վերահսկելու ենք»:

«Մենք մեղմ միջոցառումներով, աղմուկ-աղաղակով կռիվ չենք տալու` հետո թողնելու, որ իրենք գործը շարունակեն», - ասաց Զոյա Թադեւոսյանը` մանրամասնելով. - «Ընտրական օրենսգրքի վերջին հոդվածները հենց նվիրված են յուրաքանչյուր ընտրախախտման համար քրեական պատասխանատվության ենթարկելուն, եւ մենք ուղղակի կկազմենք նույն պահին համապատասխան արձանագրությունը եւ հաղորդում հանցագործության մասին եւ կուղարկենք դատախազություն»:

Արաբկիրի թաղապետի ընտրություններում գրանցված մյուս երեք թեկնածուներն են գործող թաղապետ, հանրապետական Հովհաննես Շահինյանը, «Երիցյան եւ որդիներ» ընկերության ղեկավար, անկուսակցական Ալբերտ Երիցյանը եւ Հայաստանի առաջադիմական կուսակցության ներկայացուցիչ Աշոտ Մնացականյանը:


Շաքե Ավոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG