Մատչելիության հղումներ

Վրաստանը հայտարարում է, որ դուրս է բերել զորքերը Հարավային Օսիայից


Կիրակի օրը Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ վրացական զորքը դուրս է բերվել Հարավային Օսիայից: Ականատեսների վկայությամբ, վրաց զինվորականների ու ծանր հրետանի տեղափոխող շարասյունը այսօր դուրս է եկել Հարավային Օսիայից` վրացական վերահսկողության տակ գտնվող Էնգրետի գյուղի միջով:

«Զորքն ամբողջությամբ դուրս է բերվել», - «Ռոյթերզ»-ին ասել է Վրաստանի ներքին գործերի նախարարության խոսնակ Շոթա Ուտիաշվիլին:

Կրեմլի ներկայացուցիչը այս կապակցությամբ ասել է. - «Մենք տեսել ենք լրատվամիջոցների հաղորդագրությունները եւ այժմ զննում ենք իրավիճակը տեղում»:

Կիրակի վաղ առավոտյան, վրացական կողմի հաղորդմամբ, Ռուսաստանը ռմբակոծել է մայրաքաղաք Թբիլիսիի մերձակայքում գտնվող ռազմական օդանավակայանը: Պաշտոնական Թբիլիսին հայտարարում է նաեւ, որ ռուսները զորք են կենտրոնացնում Աբխազիայում:

Ուտիաշվիլու խոսքով, վերջին մի քանի ժամերի ընթացքում Ռուսաստանը 6000 զինվոր է բերել Վրաստան, ու եւս 4000 զինվոր` ծովով. - «Նրանք սպասում են լուսաբացին` ակտիվ գործողություններ սկսելու համար»:

«Այս պահին մենք խիստ մտահոգված ենք, որ հակամարտությունը կարող է ներառել նաեւ Աբխազիան», - այսօր ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի` խաղաղության պահպանման հարցերով օգնական Էդմոն Մյուլեն:

ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների փոխդեսպան Ալեխանդրո Վոլֆը այսօր նախազգուշացրել է, որ հակամարտությունը «տարածվում է ու դուրս է գալիս վերահսկողությունից»: Նա վերահնչեցրել է Միացյալ Նահանգների կոչը Մոսկվային` դադարեցնել ռազմական գործությունները եւ դուրս գալ Վրաստանի տարածքից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG