Մատչելիության հղումներ

Ընդդիմության ներկայացուցչի համոզմամբ` Հայ ազգային կոնգրեսի ստեղծումը «մտահոգում է իշխանություններին»


Հայաստանի ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) քաղխորհրդի անդամ Ռուզան Խաչատրյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը կարծիք հայտնեց, որ Հայ ազգային կոնգրեսի ստեղծումը անցած շաբաթավերջին հարուցել է հայաստանյան իշխանությունների «լուրջ» մտահոգությունը, ինչի մասին վկայում են իշխանության ներկայացուցիչների հրապարակային ելույթները:

«Նրանք հասկանում են, որ օրեցօր նրանց դիրքերը է’լ ավելի են թուլանում, նաեւ մոտենում է սեպտեմբերը, երբ պիտի լինեն Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի զեկույցները, որոնք հազիվ թե որեւէ դրական կարծիք հնչեցնեն իշխանությունների գործողությունների վերաբերյալ», - ասաց ՀԺԿ-ի ղեկավար անդամը: - «Եվ նրանք [իշխանությունները] հասկանում են, որ վաղ թե ուշ ստիպված են զիջել այն տեղը, որ բռնի ուժով ու արյունահեղությամբ զավթել են»:

Խաչատրյանը վերահաստատեց, որ նորաստեղծ Հայ ազգային կոնգրեսը իր առաջնահերթ խնդիր է հռչակել Սերժ Սարգսյանի հրաժարականը եւ արտահերթ նախագահական ընտրությունների անցկացումը: Դա, սակայն, նրա խոսքով, չի կարելի կապել Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի հետ:

«Մենք կարեւորում ենք միջազգային կառույցների կարծիքը, որովհետեւ գտնում ենք, որ Հայաստանը միջազգային հանրության անդամ է, եւ բոլոր պահանջները, որ առաջադրված են Եվրախորհրդի անդամ պետությունների առջեւ, առաջին հերթին, կարեւոր են եւ պետք են մեզ համար», - շարունակեց նա: - «Մենք Եվրախորհրդի ոչ բոլոր գնահատականների հետ ենք համաձայն եղել` ելնելով մեր իրավիճակից եւ մեր ծրագրերից. այնպես որ, որ ուղիղ կապ ես այստեղ չեմ տեսնում»:

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին Հայ ազգային կոնգրեսին «Ժառանգություն» եւ «Նոր ժամանակներ» կուսակցությունների միանալուն վերաբերող հարցին, Ռուզան Խաչատրյանը ասաց. - «Մենք չենք կարեւորում այդ աստիճանի, ինչքան որ դուք [լրագրողներդ] այդ միանալ եւ չմիանալը: Այստեղ այս «ֆորմատացավը» մեզանից բավականին հեռու է»:


Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG