Մատչելիության հղումներ

Հեյկի Տալվիտիե. «Տարածքային ամբողջականության եւ Ղարաբաղի կարգավիճակի սկզբունքները իրար չեն հակասում»


Ադրբեջանի տարածքային ամբողջականության եւ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի սկզբունքները իրար չեն հակասում: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ-ի գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ դեսպան Հեյկի Տալվիտիեն չորեքշաբթի երեկոյան Բաքվում կայացած ասուլիսի ժամանակ:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում», - ասել է նա` հավելելով. - «Այլ հարց է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցումը: Տարածքային ամբողջականության եւ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի սկզբունքները իրար չեն հակասում: Նույնը տեղի է ունենում Վրաստանում եւ Մոլդովայում»:

APA գործակալության փոխանցմամբ` Հեյկի Տալվիտիեն ընդգծել է, որ ԵԱՀԿ-ն ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկխոսության շարունակումը եւ սպասում է երկու երկրների արտգործնախարարների հանդիպմանը: Նա որպես լավ փաստ է գնահատել նախարարների հանդիպումը Ադրբեջանում անցկացվելիք նախագահական ընտրություններից առաջ եւ հույս է հայտնել, որ կողմերի միջեւ երկխոսությունը կշարունակվի նաեւ ընտրություններից հետո:

«Երկխոսությունը ընթանում է հիմնարար սկզբունքների շուրջ: Մենք հավատում ենք, որ այն նաեւ կշարունակվի այդ սկզբունքների հիման վրա», - ասել է ԵԱՀԿ-ի գործող նախագահի հատուկ ներկայացուցիչը: - «Բանակցությունների շարունակումը նշանակում է, որ լավ արդյունքների համար կան հիմքեր: Հուսով եմ, Ադրբեջանում ընտրություններից հետո կլինեն նոր հանդիպումներ»:

Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը նախատեսված է օգոստոսի 1-ին Մոսկվայում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG