Մատչելիության հղումներ

Օգոստոսի վերջին Բեռլինում կքննարկվեն աբխազական խնդրի կարգավորման ուղիները


Պաշտոնական Սուխումիի ներկայացուցիչները մասնակցեն օգոստոսի վերջին Բեռլինում կայանալիք բանակցություններին, որոնց նպատակն է լինելու աբխազական խնդրի կարգավորման ուղիների հստակեցումը:

Բանակցային այդ փուլը նախաձեռնել են Գերմանիան, ինչպես նաեւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներից չորսը` Մեծ Բրիտանիան, Միացյալ Նահանգները, Ռուսաստանն ու Ֆրանսիան:

Աբխազիայի Անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Lակոբան «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությանը տված հարցազրույցում, սակայն, պնդեց, որ Բեռլինում նախատեսվածը «ոչ թե բանակցություններ են, այլ բազմակողմ հանդիպում»:

Lակոբայի խոսքերով` լիարժեք բանակցություններին Աբխազիան կմասնակցի միայն Կոդորի կիրճից վրացական զորքերի դուրսբերումից հետո:

Աբխազ պաշտոնյան նաեւ հաստատեց տեղեկությունը, որ Աբխազիայից դուրս են բերվել Ռուսաստանի զինված ուժերի երկաթուղային ստորաբաժանումները: «Ռուսաստանի եւ Աբխազիայի միջեւ ռազմական համագործակցության մասին խոսք անգամ չկա: Երկաթուղային զորքերի` մեր հանրապետությունում գտնվելու միակ նպատակը երկաթգծի աբխազական հատվածի վերանորոգումն էր», - ասաց նա:

Իսկ Աբխազիայում տեղակայված ռուս խաղաղապահներին միջազգային ոստիկանական ուժերով փոխարինելու` Վրաստանի իշխանությունների առաջարկի առնչությամբ Ստանիսլավ Լակոբան հայտարարեց. - «Դա անընդունելի է, նման քայլը կհանգեցնի խաղաղապահ գործողության մանդատի, բանակցությունների ամբողջ ֆորմատի փոփոխությանը: Նման նախաձեռնությունը կնշանակի, որ մենք վերանայում ենք 1994 թվականին կնքված մոսկովյան համաձայնագրի դրույթները: Աբխազիայի ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, որ նման քայլի չի գնա»:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG