Մատչելիության հղումներ

Ռադովան Կարաջիչը Հաագայում է


Բոսնիացի սերբերի նախկին առաջնորդ Ռադովան Կարաջիչը այսօր տեղափոխվել է Հաագա, որտեղ Միջազգային քրեական դատարանի առջեւ է կանգնելու ցեղասպանության եւ մարդկության դեմ հանցագործությունների մեղադրանքով:

Ըստ դատախազների, դատական առաջին նիստը կայանալու է հինգշաբթի օրը:

Կարաջիչը բոսնիացի սերբերի ղեկավարն էր 1992-95 թվականների բոսնիական պատերազմի ժամանակ: Հաագայի դատարանը նրան մեղադրել է ցեղասպանության, պատերազմական եւ մարդկության դեմ հանցագործությունների մեջ` մասնավորապես, Սարաեւոյի 43-ամսյա պաշարման համար, որի ընթացքում 12 հազար մարդ է զոհվել, եւ 1995 թվականին Սրեբրենիցայում շուրջ 8 հազար մահմեդականների կոտորածի համար:

Տասը տարուց ավելի Կարաջիչը փախուստի մեջ էր եւ ձերբակալվել է անցած շաբաթ Սերբիայում:

Սերբ ազգայնականները բողոքում են Կարաջիչին Հաագայի դատարանին հանձնելու` իշխանությունների որոշման դեմ:

Երեկ տասնյակ հազարավոր ազգայնականներ բողոքի ցույց են անցկացրել Բելգրադում` վանկարկելով Կարաջիչի անունը եւ պարզելով նրա պատկերով պլակատներ: Ցույցը ավարտվել է իրավապահների հետ ընդհարմամբ, որի հետեւանքով մարմնական վնասվածքներ են ստացել շուրջ երեք տասնյակ ոստիկաններ եւ երկու տասնյակ ցուցարարներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG