Մատչելիության հղումներ

Մոսկվայում սկսվել է Արթուր Ռինոյի եւ Պավել Սկաչեւսկու դատավարությունը


Այսօր Մոսկվայի քաղաքային դատարանում սկսվել են սքինհեդներ Արթուր Ռինոյի եւ Պավել Սկաչեւսկու գործով լսումները: Երկու երիտասարդները մեղադրվում են ավելի քան 20 մարդու` այդ թվում հայազգի գործարար Կարեն Աբրահամյանի սպանության մեջ:

Ոստիկանությունը նրանց ձերբակալել է անցած տարի ապրիլի 17-ին` «Գորմետ» ընկերության գլխավոր տնօրեն 47-ամյա Կարեն Աբրահամյանի սպանությունից հետո: Աբրահամյանը վերադառնում էր աշխատանքից, երբ Ռուսաստանի մայրաքաղաքի Հարավարեւմտյան վարչական օկրուգում գտնվող շենքի մուտքի մոտ մի քանի երիտասարդներ հարձակվել են նրա վրա եւ 54 անգամ դանակահարել։

Մոսկվայի բնակիչներ` Ռուսաստանի ֆիզիկական կուլտուրայի պետական համալսարանի 18-ամյա ուսանող Պավել Սկաչեւսկին եւ նրա հասակակից` Կիսելյովի անվան սրբանկարչության դպրոցի ուսանող Արթուր Ռինոն խոստովանել են, որ իրենք են հարձակվել Կարեն Աբրահամյանի վրա:

Ձերբակալությունից հետո Արթուր Ռինոն խոստովանել է, որ դեռ մանկությունից ատում է կովկասցիներին եւ 37 մարդ է սպանել: Քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ երիտասարդը 20 սպանություն է կատարել։

«Սովա» վերլուծական կենտրոնի փոխտնօրեն Գալինա Կոժեւնիկովան «Ազատություն» ռադիոկայանին տված մեկնաբանությունում, մասնավորապես, ասաց, որ թեեւ այս երկուսը սքինհեդներ են, բայց մինչեւ ձերբակալությունը նրանք «համակարգում չէին, ազգայնամոլական որեւէ կառույցում չէին, իսկ այսօր այս հրեշավոր հանցագործությունների հեղինակները գրեթե ազգային հերոսներ են ռուսաստանցի երիտասարդների մի լայն զանգվածի համար»։

«Այս տղաները, իհարկե, շատ վտանգավոր են, բայց առավել վտանգավոր են կազմակերպված սքինհեդները, իսկ նման կառույցները, լավ կազմակերպված կառույցները այսօր Ռուսաստանում շատ են», - ընդգծեց իրավապաշտպանը:

Մարդու իրավունքների մոսկովյան բյուրոյի տնօրեն Ալեքսանդր Բրոդը համոզված է, որ նեոնացիստական կառույցներում այսօր տարբեր երիտասարդներ են ընդգրկված` ե’ւ անչափահասներ, ե’ւ ավելի տարեցներ, նորմալ ընտանիքներից: Այսինքն, այս գաղափարն այսօր Ռուսաստանում համախմբում է սոցիալական տարբեր խավերի մի քանի տասնյակ հազար ներկայացուցիչների։

«Իսկ պայքարել նրանց դեմ, արդյունավետ պայքարել կարելի է միայն պետական մակարդակով», - ասում է Բրոդը։

Մարդու իրավունքների մոսկովյան բյուրոյի տվյալներով` ընթացիկ տարվա առաջին 5 ամիսներին ազգային հողի վրա կատարվել է 144 հարձակում, 76 մարդ սպանվել է: Սքինհեդներից ամենից շատ տուժել են ուզբեկները` 12 ուզբեկ զոհվել է, նույնքան` վիրավորվել, զոհվել են 6-ական տաջիկ եւ ադրբեջանցի: Նույն ժամանակաշրջանում, ըստ բյուրոյի տվյալների, 2 հայ սպանվել է, եւս 2-ը` հարձակման ենթարկվել:


Ազա Բաբայան, Մոսկվա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG