Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Ձեզ չի՞ մտահոգում, որ մարտի 1-2-ի գործով դատավարությունները, որպես կանոն, վերածվում են մինի հանրահավաքների` հայհոյանքներով, սպառնալիքներով», - «Հայոց Աշխարհ»-ի այս հարցին Սամվել Նիկոյանը պատասխանում է. - «Որեւէ երկրում, եւ Եվրախորհրդի անդամ երկրներում, նման բանը անհանդուրժելի կլիներ, եւ այդ ամենին հստակ գնահատականը կտրվեր։ Մեզանում այլ «չափանիշներ» են գործում՝ դատավորի վրա կարող են ծխախոտ շպրտել, վիրավորել, անպատվել։ Եվրախորհրդի գնահատմամբ՝ եվրոպական չափորոշիչներով դա մեր դեպքում համարվում է ժողովրդավարություն։ Սա, իհարկե, ակնհայտ ճնշում է դատական համակարգի նկատմամբ։ Այսօր բոլոր այդ քրեական տարրերը, որոնք մասնակցել են կողոպուտին, ջարդարարությանը, հրկիզումներին եւ այլն, դարձել են հերոսներ, դարձել են պաշտամունքի առարկա, քաղաքական գործիչ, քաղբանտարկյալ»։

«Հայկական ժամանակ»-ը նկատում է. - «1998 թվականին իրականացված հեղաշրջման արդյունքում, երբ, ըստ էության, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը սառեցնելու որոշում կայացվեց, եւ դա մատուցվեց որպես խիստ հաղթողական քաղաքականություն, արդեն պարզ էր, որ մեր հարեւանները մեզ զրկելու են մեր ունեցած լծակներից: Նախ կառուցվեց Բաքու - Ջեյհան նավթամուղը, որը զգալիորեն երկարացվեց, որպեսզի շրջանցի Հայաստանը, հետո կառուցվեց Բաքու - Էրզրում գազատարը, որը եւս շրջանցեց Հայաստանը, իսկ հիմա էլ ավարտվում է Կարս - Ախալքալաք երկաթուղու շինարարությունը: Մինչեւ 1998 թվականը այս նախագծերն անգամ չէին էլ քննարկվում: Եվ այս ֆոնին Սերժ Սարգսյանի սիլի-բիլիները Թուրքիայի ղեկավարության հետ, մեղմ ասած, զավեշտալի են: Եթե նա արդեն հասկացել է, որ առանց հարեւանների հետ նորմալ հարաբերություններ հաստատելու հնարավոր չէ ապահովել Հայաստանի զարգացումը, ապա շատ ուշ է դա հասկացել, եւ այդպիսի ինտելեկտով մարդը ուղղակի իրավունք չունի հավակնել ՀՀ նախագահի պաշտոնին: Իսկ եթե ավելի շուտ էր հասկացել, բայց ձայն չէր հանում եւ չէր խանգարում Քոչարյանին շարունակել իր «հաղթողական» արտաքին քաղաքականությունը, ապա ավելի վատ»:

«Ընդդիմության ակտիվիստների դեմ «զանգվածային» մեղադրանքները, կարծում եմ, իրավական հարաբերություններից բավականին հեռու են եւ ամբողջությամբ տեղավորվում են զուտ քաղաքական ոլորտում», - գրում է «Առավոտ»-ի գլխավոր խմբագիրը: - «Մարտի 1-ից 20-ը, երբ իշխանությունը լռեցրել էր անկախ եւ ընդդիմադիր լրատվամիջոցները, «պատասխանատու» եթերով օրեր շարունակ ցուցադրում էին թալանված խանութներ եւ հրկիզված մեքենաներ՝ «տեսեք, թե ընդդիմությունն ինչ է արել» մեկնաբանությամբ: Բայց այսօր ապացուցվեց, չէ՞, որ ընդդիմությունն այդ ամենի հետ կապ չունի. թալանողներն ու այրողները դատվում են եւ ստանում պայմանական ժամկետներ: Իսկ ընդդիմադիրները նստած են՝ «զանգվածային» մեղադրանքներով»:

Արձագանքելով ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի` երեկվա ասուլիսում արած հայտարարությանը, թե Դաշնակցությունը դեմ է արտահերթ ընտրություններին, որովհետեւ Հայաստանը դեռեւս ընտրական լիովին անկախ համակարգ չունի, «Չորրորդ իշխանություն»-ը գրում է. - «Հասկանալի է, որ իրականում ՀՅԴ-ն ոչ թե այդ պատճառով է դեմ արտահերթ ընտրություններին, այլ որովհետեւ իշխանության մաս է կազմում, նախարարական պորտֆելներ ունի, եւ եթե արտահերթ ընտրություններ լինեն, ամենայն հավանականությամբ, այդ ամենից կզրկվի»: «Բայց համաձայնվեք, ձեւակերպումն իսկապես տարօրինակ է», - տարակուսում է թերթը: - «Ստացվում է, որ 1995-96-ին, երբ ՀՅԴ-ն արտահերթ ընտրություններ էր պահանջում, ընտրական համակարգը ավելի կատարյալ էր»:

«Առջեւում երկրորդ 100 օրն է» վերնագրի ներքո «Գոլոս Արմենիի» թերթը ընդգծում է. - «Բոլորի համար փոփոխությունների անհրաժեշտությունը ակնհայտ է: Ողջ հասարակությունը, անկախ քաղաքական համակրանքներից, պահանջում է քաղաքական կամք այդ փոփոխությունները իրականացնելու համար: Այդ է պահանջում իշխող կոալիցիան, ընդդիմությունը, Եվրոպան: Բայց գլխավորը` փոփոխությունների անհրաժեշտություն ակնհայտ է եւ իր` նախագահի համար»: Անդրադառնալով նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո Սերժ Սարգսյանի գործունեության արդյունքներին, առկա խնդիրներին, թերթն ամփոփում է. - «Կարելի է արձանագրել, որ առաջին հարյուր օրվա ընթացքում քիչ բան չի արվել ցավոտ խնդիրները լուծելու համար, բայց այդ ցավոտ եւ լուծում գտնելու համար հասունացած խնդիրները շատ են: Լավ նախապատրաստություն է արվել, բայց դա բավարար չէ: Ոչ թե Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը, այլ հանրությունն է երրորդ նախագահից պահանջում փոփոխություններ, եւ այս ուղղությամբ նախագահի երկրորդ հարյուր օրը պետք է լինի ավելի արդյունավետ, հնարավոր է նույնիսկ` ավելի վճռական երկիրը կայունության, ժողովրդավարական զարգացումների ճանապարհ դուրս բերելու համար»:

Այսօր հրապարակվել է «Հրապարակ»-ի հարյուրերորդ համարը: Այդ կապակցությամբ թերթի խմբագրականում նշված է. - «Այս ընթացքում մեզ հասցրել են աջուձախից քարկոծել, մեր ետեւում զանազան ականջներ եւ շահեր տեսնել, բամբասել են եւ մեր մոտալուտ վերջի մասին կանխատեսումներ արել: Բայց մենք մեր գործն ենք շարունակել, աշխատել ենք հավատարիմ մնալ մեր անվանմանը եւ հրապարակ դառնալ բոլոր ասելիք ունեցողների համար»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG