Մատչելիության հղումներ

Գլխավոր դատախազի տեղակալի օգնականը հեռացվել է աշխատանքից


Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալի օգնական Մհեր Բաղդասարյանը հեռացվել է աշխատանքից` քաղաքացի Շավարշ Ղարիբյանի հաղորդման հիման վրա:

Հաղորդման մեջ մատնանշված փաստով գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով, այդ թվում` շահադիտական դրդումներով, զենքի գործադրմամբ, կյանքի համար վտանգավոր բռնություններ գործադրելու սպառնալիքով, մի խումբ անձանց նախնական համաձայնությամբ անձին ազատությունից ապօրինի զրկելու, շորթման, ավազակային հարձակման հատկանիշներով:

Շավարշ Ղարիբյանը հուլիսի 17-ին ոստիկանության Կոտայքի բաժին հաղորդում է ներկայացրել, համաձայն որի` հուլիսի 16-ին ժամը մոտ 18:00-ից մինչեւ հուլիսի 17-ի ժամը 9:00-ը Մհեր Բաղդասարյանը ոմն Գրիշի հետ Կոտայքի մարզի Արզնի կիրճում գտնվող ամառանոցում շահադիտական նպատակով իրեն ազատությունից ապօրինի զրկել են, զենքի սպառնալիքով ստիպել ստորագրել ստացական իբր Բաղդասարյանից 135 հազար դոլար ստանալու մասին, ապա ծեծել են Երեւան - Սեւան ավտոճանապարհին եւ իր «ԲՄՎ-523» մակնիշի ավտոմեքենան առեւանգելով հեռացել են:

Գլխավոր դատախազության պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրության համաձայն` հուլիսի 19-ին Շավարշ Ղարիբյանի ավտոմեքենան հայտնաբերվել է Աբովյան -Նոր Հաճըն ավտոճանապարհի եզրին՝ չթալանված վիճակում:

Որպես տուժող հարցաքննվելիս Ղարիբյանը ցուցմունք է տվել, որ 2005 թվականին իր հայրը 70 հազար դոլարով գնել է Ղազար Փարպեցի 26 հասցեի թիվ 17 բնակարանը՝ Զեփյուռ Շուլուկյանից: Տուժողի ցուցմունքի համաձայն՝ գործարքի հաջորդ օրը հայտնվել է Մհեր Բաղդասարյանը եւ, ներկայանալով որպես դատախազության աշխատակից, հայտարարել, թե բնակարանն իրականում պատկանում է իրեն եւ պետք չէ այն գնել: Ապա Բաղդասարյանը դատական կարգով վիճարկել է գործարքի օրինականությունը՝ պահանջելով անվավեր ճանաչել Ղարիբյանի եւ Շուլուկյանի միջեւ կնքված առք ու վաճառքի պայմանագիրը, ինչի համար էլ անշարժ գույքի գրանցման պետական կադաստրը հրաժարվել է բնակարանի նկատմամբ գրանցել Ղարիբյանների սեփականության իրավունքը, իսկ դատախազությունից գրություն է ուղարկվել, որ վիճարկվող բնակարանի իրական սեփականատեր Բաղդասարյանից այն ի սկզբանե խարդախությամբ գնել է ոմն Սարգիս Վարդանյան, եւ որ այդ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Շավարշ Ղարիբյանի ցուցմունքի համաձայն՝ առաջին ատյանի եւ վերաքննիչ դատարանները բավարարել են Բաղդասարյանի հայցը եւ տեղի ունեցած գործարքը ճանաչել անվավեր, սակայն քրեական գործով խարդախությամբ ուրիշի գույքին տիրանալու համար Սարգիս Վարդանյանին առաջադրված մեղադրանքները դատական ատյանները հիմնավորված չեն համարել եւ արդարացրել են վերջինիս: Շավարշ Ղարիբյանի հայրը ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը այս տարվա հուլիսի 7-ին բավարարվել է: Վճռաբեկ դատարանի որոշման հիման վրա Ղարիբյանները դիմել են Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն` բնակարանը արգելանքից հանելու համար, որտեղ էլ տուժողը, ըստ իր ցուցմունքի, ծանոթացել է բարետես արտաքինով մի աղջկա հետ, որի հրավերով հուլիսի 17-ին գնացել է Արզնի կիրճի առանձնատուն, ուր որոշ ժամանակ անց եկել է նաեւ Մհեր Բաղդասարյանը ոմն Գրիշի հետ միասին եւ զենքի սպառնալիքի տակ պարտադրել գրել ստացական 135 հազար դոլարի վերաբերյալ՝ պահանջելով հաջորդ օրը բնակարանը ձեւակերպել իր անունով:

Շավարշ Ղարիբյանի ցուցմունքի համաձայն՝ այդ ընթացքում Բաղդասարյանը պարբերաբար պատրաստակամություն է հայտնել գնել բնակարանը՝ առաջարկելով 135 հազար դոլար:

Նախաքննությունը պարզել է, որ նշված առանձնատունը պատկանում է Երեւան քաղաքի բնակիչ Էդիկ Թումասյանին, կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Հանձնարարվել է օպերատիվ-որոնողական մարմիններին՝ ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները Մհեր Բաղդասարյանին եւ ոմն Գրիշին հայտնաբերելու ուղղությամբ:

Մհեր Բաղդասարյանը դատախազության համակարգում աշխատել է 2002 թվականից. նախ որպես հետաքննության եւ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության տեսուչ-օպերատոր, ապա՝ ավագ տեսուչ, իսկ 2007 թվականի օգոստոսի 1-ին նշանակվել է գլխավոր դատախազի տեղակալի օգնական:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG