Մատչելիության հղումներ

Հաջորդ շաբաթ Հայաստան կայցելի Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահը


Հուլիսի 22-25-ը Հայաստան կայցելի Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Լուիս Մարիա դե Պուչը:

Եվրախորհրդի մամլո գրասենյակի փոխանցմամբ` այցի նպատակն է Հայաստանի եւ ԵԽԽՎ-ի միջեւ համագործակցության խորացումը եւ աջակցությունը Հայաստանի վերաբերյալ Վեհաժողովի ընդունած թիվ 1609 եւ 1620 բանաձեւերի պահանջների կատարմանը:

Հաշվի առնելով Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի` վերջերս Հայաստան կատարած այցի արդյունքները, Լուիս Մարիա դե Պուչը մտադիր է, մասնավորապես, գնահատել մարտի 1-2-ի իրադարձությունների քննության հավաստիությունը, հրատապ կերպով բարձրացնել այդ իրադարձությունների կապակցությամբ անազատության մեջ գտնվող անձանց հարցը, ինչպես նաեւ քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը առնչվող քաղաքական իրադարձությունները:

Նախատեսված են ԵԽԽՎ-ի նախագահի հանդիպումները Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի, մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի անդամների, Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի, այդ թվում` «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչների, ինչպես նաեւ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ:


(Լուսանկարը` Եվրախորհրդի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG