Մատչելիության հղումներ

Ստորագրահավաք` Ռոբերտ Քոչարյանին Հաագայի դատարանում պատասխանատվության ենթարկելու պահանջով


Այսօրվանից Համաժողովրդական շարժման կենտրոնը նախաձեռնում է ստորագրահավաք` Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին Հաագայի դատարանում պատասխանատվության ենթարկելու պահանջով: Այդ մասին հայտարարեց շարժման ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը:

Ստորագրահավաքի նախաձեռնության տեքստում ասված է. - «Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի պետականության եւ հայ ժողովրդի նկատմամբ գործել է ծանր հանցանքներ: Նա երկու անգամ նախագահական իշխանության է տիրացել կեղծ փաստաթղթերի հիման վրա` կատարելով իշխանության յուրացման ծանր հանցագործություն: Իր միանձնյա եւ բռնատիրական իշխանությունը նա ամրապնդեց արյունով` 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործությամբ, եւ Հայաստանում հաստատեց իրական ավազակապետական ռեժիմ: Նա իշխանությունը ավարտեց կրկին արյունով` 2008 թվականի մարտի 1-ի դաժան սպանդով, որ իր բոլոր հատկանիշներով հանցագործություն է մարդկության դեմ: Ուստիեւ մենք` Հայաստանի Հանրապետության ներքոստորագրյալ քաղաքացիներս, պահանջում ենք մարտի 1-ի ոճրագործության միջազգային անկախ հետաքննություն, իսկ Ռոբերտ Քոչարյանի գործը հանձնել Հաագայի միջազգային քրեական դատարան»:

Այսօր կայացած ասուլիսում Դավիթ Շահնազարյանը մարտի 1-ի դեպքերի համար պատասխանատվության առումով երկու անուն տվեց` Ռոբերտ Քոչարյան եւ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյան. - «Համենայն դեպս, ես կարծում եմ, որ երկու հոգու մոտ հոգեխանգարմունք իսկապես եղել է այն բանից հետո, երբ Տեր-Պետրոսյանի ղեկավարած շարժումը այդպիսի հզոր թափ ստացավ. երեւի Ռոբերտ Քոչարյանի եւ Աղվան Հովսեփյանի մոտ այդ հոգեխանգարմունքը իսկապես եղել է»:

Մեկնաբանելով Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցը` Շահնազարյանը հայտարարեց, թե այդ հարցազրույցում Քոչարյանը փաստացի ընդունում է, որ ինքն է հրահանգել մարտի 1-ի բոլոր գործողությունները, ինչպես նաեւ հաստատում է, որ Հայաստանում կալանավորումները եւ ձերբակալությունները կատարվում են քաղաքական հրամանով, եւ ինքն է տվել այդ հրամանները:

Անդրադառնալով գործող նախագահին` Դավիթ Շահնազարյանը հիշեցրեց, որ Սերժ Սարգսյանին ժամանակ է տրված: Պահանջները հայտնի են` մինչեւ օգոստոսի 1-ը ազատել «քաղբանտարկյալներին» եւ պատասխանատվության ենթարկել այն անձանց, որ մեղսակից են հանցագործություններին` ըստ ընդդիմության ներկայացրած ցուցակի. - «Պահանջները դրված են: Եթե այդ պահանջները չկատարվեն, կդրվի արդեն նոր պահանջ, եւ մենք ուղղակիորեն արդեն, կարծում եմ, կգնանք նոր նախագահական ընտրությունների»:

Հարցին` հնարավո՞ր է արդյոք, որ օգոստոսի 1-ի հանրահավաքը ընդդիմությունը փորձի անցկացնել Ազատության հրապարակում, Դավիթ Շահնազարյանը պատասխանեց, թե իշխանությունները փորձում են «ահաբեկիչների նման» պաշտպանվել երեխաներով. - «Ինչ ասեմ, այդ շանտաժը առայժմ աշխատում է: Մենք կստիպենք, իհարկե, նրանց, որ նրանք դադարեցնեն այդ ակցիան` «Փոքրիկ երեւանցի», ակցիան, որը կազմակերպել է փոքրոգի ոչ երեւանցի քաղաքապետը: Ոչ, առայժմ նման մտադրություն չկա, թող համարեն, որ իրենց այդ շանտաժը աշխատում է»:

Միաժամանակ, նա վստահեցրեց, որ հանրահավաքը, ամեն դեպքում, կկայանա` վերը բերված պահանջների ենթատեքստով:

Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը, «Ազատություն» ռադիոկայանի խնդրանքով արձագանքելով Հաագայի միջազգային դատարան դիմելու` ընդդիմության նախաձեռնությանը, այն որակեց որպես «հերթական հիմարություն»:

Աննա Սաղաբալյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG