Մատչելիության հղումներ

Ստեփանավանի քաղաքապետի նկատմամբ հարուցվել է քրեական գործ


«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա»-ի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի գրավոր հաղորդման քննարկման արդյունքում Լոռու մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ «պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու, ծառայողական պարտականությունները շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով չկատարելու դեպքի առթիվ»:

Գլխավոր դատախազության կայքէջում տեղադրված հաղորդագրության համաձայն, նշված հասարակական կազմակերպության ներկայացրած հաղորդման ստուգմամբ մասնավորապես պարզվել է, որ 2003 թվականի սեպտեմբերի 22-ին Ստեփանավանի քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյանը Լոռու մարզպետարանի եւ Ստեփանավանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանցից կազմված բնակարանային հարցերի նախկին հանձնաժողովի՝ կեղծ փաստաթղթերի հիման վրա բնակարան է հատկացրել Էմմա Թոթոյանի ընտանիքին, իսկ մեկ տարի անց` 2004 թվականի հոկտեմբերի 15-ին «առանց վերջինիս գիտության, համայնքից բացակայելու պատրվակով, այն հետ է վերցրել ու թիվ 229 որոշմամբ հատկացրել Ստեփանավան քաղաքի մեկ այլ բնակչուհու՝ Վարինկա Դավթյանի ընտանիքին՝ այդպիսով պետությանը եւ Ստեփանավան քաղաքի բնակարանի կարիք ունեցող անձանց հերթացուցակում ընդգրկված քաղաքացիների օրինական շահերին պատճառելով էական վնաս»:

Լոռում մարզի դատախազի երեկվա որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի հատկանիշներով: Քրեական գործն ուղարկվել է ոստիկանության Լոռու քննչական բաժին՝ նախաքննություն կատարելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG