Մատչելիության հղումներ

Ժամանակավոր հանձնաժողովը փորձում է ստանալ մարտի 1-ի առավոտյան կատարվածի համակողմանի պատկերը


Մարտի 1-ի իրադարձություններն ու դրանց պատճառները ուսումնասիրելու նպատակով ստեղծված Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովը երկուշաբթի օրը նամակներ է ուղարկել Հայաստանի ոստիկանապետին եւ նախագահի նախկին թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանին` խնդրելով պատասխանել հանձնաժողովի կազմած հարցերին եւ տրամադրել փաստական նյութեր մարտի 1-ի առավոտյան Ազատություն հրապարակում տեղի ունեցածի մասին:

Ոստիկանությունը, ինչպես հանձնաժողովի այսօրվա նիստում ներկայացրեց դրա նախագահ Սամվել Նիկոյանը, պետք է պատասխանի հետեւյալ հարցերին. - «Ոստիկանությունը ինչպիսի՞ գործողություններ է կատարել Ազատություն հրապարակում ցուցարարների նկատմամբ, ի՞նչ նպատակով եւ ի՞նչ հիմքերով, ինչպիսի՞ իրավական հիմնավորմամբ, ի՞նչ թվաքանակի անձնակազմով, ոստիկանության ո՞ր ստորաբաժանումների միջոցով, ինչպիսի՞ սպառազինությամբ, ինչպիսի՞ իրավական փաստաթուղթ է կազմվել, ի՞նչ տեխնիկական ու հատուկ միջոցներ են կիրառվել, ո՞վ է ղեկավարել գործողությունը…»:

Ոստիկանությունից ակնկալվում են նաեւ տեսագրությունների, լուսանկարների եւ այլ փաստական նյութերի պատճեններ:

Նախագահի նախկին թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը, ցանկության դեպքում, կարող է գրավոր պատասխանել հանձնաժողովի հետեւյալ հարցերին. մարտի 1-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած իրադարձություններից առաջ ոստիկանությունը տեղեկացրե՞լ ձեզ կամ հանրահավաքի այլ կազմակերպիչներին ոստիկանների ժամանման նպատակների մասին, ինչպիսի՞ գործողություններ են իրականացրել ոստիկանության աշխատակիցները եւ ինչպիսի՞ն է եղել ցուցարարների պատասխանը այդ գործողություններին: Լեւոն Տեր-Պետրոսյանից նույնպես հանձնաժողովը, առկայության դեպքում, խնդրում է փաստական նյութերի պատճեններ:

Այսօրվա նիստում ասվեց նաեւ, որ հաջորդ դիմումը հանձնաժողովը ուղարկելու է առողջապահության նախարարություն` ստանալու 10 զոհերի, ինչպես նաեւ մոտ 130 հրազենից վիրավորվածների դատաբժշկական փորձաքննության եզրակացությունների պատճենները:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG