Մատչելիության հղումներ

Սամվել Ֆարմանյան. «Թուրքիայի նախագահը Սերժ Սարգսյանին փոխանցել է, որ ստացել է Հայաստան-Թուրքիա հանդիպումը միասին դիտելու հրավերը»


Հայաստանի նախագահը Աստանայում ոչ պաշտոնական շփում է ունեցել Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի հետ, որը Սերժ Սարգսյանին փոխանցել է, որ ստացել է Հայաստան ժամանելու եւ 2010 թվականին կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Թուրքիա հանդիպումը միասին դիտելու հրավերը: Այդ մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է Հայաստանի նախագահի մամլո քարտուղար Սամվել Ֆարմանյանը:

«Ղազախստանի մայրաքաղաքում պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթաժողովի եւ Աստանայի հիմնադրման 10-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումների շրջանակներում նախագահ Սերժ Սարգսյանը ոչ պաշտոնական շփումներ է ունեցել տարբեր երկրների ղեկավարների հետ: Հայաստանի եւ Թուրքիայի նախագահների միջեւ առանձին հանդիպում, որպես այդպիսին, նախատեսված չէր եւ տեղի չի ունեցել: Այո, նախագահ Սերժ Սարգսյանը Աստանայում ոչ պաշտոնական շփում է ունեցել նաեւ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի հետ, որի ընթացքում Թուրքիայի նախագահը Սերժ Սարգսյանին փոխանցել է, որ ստացել է Հայաստան ժամանելու եւ 2010 թվականին կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան - Թուրքիա հանդիպումը միասին դիտելու հրավերը: Հրավերը դիվանագիտական խողովակներով Թուրքիայի նախագահին ուղարկվել էր դեռ Աստանա մեկնելուց առաջ: Տեղյակ եմ, որ Թուրքիայի նախագահը եւս այս մասին հստակորեն ասել է լրատվության միջոցների ներկայացուցիչներին», -֊ նշել է նախագահի խոսնակը:

«Առանձին լրատվամիջոցների կողմից տարածված այլ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում», - փաստել է Սամվել Ֆարմանյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG