Մատչելիության հղումներ

Երեւանում բացվեց Գրողների համահայկական 4-րդ համագումարը


Երկուշաբթի օրը Երեւանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան դահլիճում իր աշխատանքը սկսեց Գրողների համահայկական 4-րդ համագումարը, որն այս տարի նաեւ ազդարարեց «Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնի բացումը:

Համագումարի մասնակիցների թվում են 15 երկրներից ժամանած 80 սփյուռքահայ գրողներ:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը համագումարում ընթերցեց նախագահի օգնական Վիգեն Սարգսյանը: Ուղերձում նախագահը, մասնավորապես, ցանկություն է հայտնել, որ այս օրերին քննարկումները «չսահմանափակվեն զուտ գրական խնդիրներով, այլեւ հետապնդեն համահայկական միասնության ամրապնդման վեհ նպատակը, ինչպես նաեւ նախանշեն դրան հասնելու որոշակի ուղիներ»:

Նորաստեղծ Սփյուռքի կոմիտեի նորանշանակ ղեկավար Հրանուշ Հակոբյանը իր ելույթում անդրադարձավ նույն խնդրին` ասելով, թե «10 միլիոնանոց հայկական սփյուռքը այսուհետ դառնալու է հայաստանակենտրոն»:

«Կարծում եմ, հայ ժողովրդի հիմնական գերխնդիրը պետք է լինի բիբլիական Արարատի փեշերին ամբողջ հայ ժողովրդին հավաքելը», - ավելի ուշ «Ազատություն» ռադիոկայանին ասաց Հակոբյանը:

Համագումարում ելույթ ունեցողներից շատերը մտահոգություն հնչեցրեցին, որ սփյուռքահայ գրականությունը «ծերանում է», որ «տաղանդավոր երիտասարդները նախընտրում են գրել երկրորդ հայրենիքի լեզվով»:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան Հայաստանի նախագահի Վիգեն Սարգսյանը ասաց, որ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը դեռեւս չի արձագանքել Հայաստանի նախագահի` շաբաթ օրը հղած պաշտոնական հրավերին` սեպտեմբերին Երեւանում միասին դիտելու երկու երկրների ֆուտբոլի հավաքականների հանդիպումը:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG