Մատչելիության հղումներ

Դեյվիդ Կրամերը մտահոգություն է հնչեցնում Հայաստանում «փետրվարին եւ մարտին տեղ գտած հետընթացի» կապակցությամբ


Միացյալ Նահանգների պետքարտուղարի օգնական Դեյվիդ Կրամերը, ով զբաղվում է ժողովրդավարության, մարդու իրավունքների, սոցիալական եւ աշխատանքի հարցերով, չորեքշաբթի օրը հայաստանյան այցի ավարտին հրավիրած ասուլիսում մտահոգություն հնչեցրեց «փետրվարին եւ մարտին տեղ գտած հետընթացի» կապակցությամբ:

«Մեզ մտահոգում է այն հետընթացը, որի ականատեսը եղանք փետրվարին եւ մարտին, եւ հորդորում ենք նոր կառավարությանը լուծել հետընտրական զարգացումների, մասնավորապես` մարտի 1-ի իրադարձությունների, քաղբանտարկյալների, մամուլի եւ հանրահավաքների ազատության սահմանափակման հետ կապված խնդիրները», - ասաց նա` հավելելով. - «Մենք կառավարությանը հաստատակամորեն առաջարկել ենք ամբողջությամբ վերականգնել մամուլի եւ հանրահավաքների բոլոր ազատությունները` ներառյալ «Ա1+» հեռուստաընկերության եթեր վերադառնալու հնարավորությունը, ազատ արձակել քաղաքական տեսակետ հայտնելու համար կալանավորվածներին, իրականացնել մարտի 1-ի դեպքերի լուրջ եւ արժանահավատ հետաքննություն, որ կուղեկցվի լուրջ երկխոսությամբ, որում ներառված կլինեն ընդդիմությունը եւ քաղաքացիական հասարակությունը»:

«Մենք ուզում ենք Հայաստանը տեսնել զարգացող, շուկայական տնտեսությամբ ժողովրդավարություն: Հենց այդպիսի Հայաստանն է, որ ավելի ամուր գործընկեր կլինի Միացյալ Նահանգների համար», - շեշտեց նա:


Ռուբեն Մելոյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG