Մատչելիության հղումներ

«Գրիգոր Ամալյանը եւ Ազգային հանձնաժողովի անդամները դժվար թե հրաժարական տան եւ եթեր տրամադրեն «Ա1+»-ին»


Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբը հայտարարել է, թե Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամները եւ դրա ղեկավար Գրիգոր Ամալյանը դժվար թե հրաժարական տան եւ եթեր տրամադրեն «Ա1+» հեռուստաընկերությանը, որի օգտին վճիռ է կայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանը:

Երեկ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշեց, որ «Ա1+»-ի եթերազրկումը հակասում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային, եւ պարտադրեց Հայաստանի կառավարությանը 30 հազար եվրո փոխհատուցում տալ հեռուստաընկերությանը:

«Չնայած Եվրոպական դատարանի այս վճռին, «Ա1+» հեռուստաընկերության եւ առաջադեմ հանրության տարած այս խոշոր բարոյական հաղթանակին, համարձակվում ենք կարծել, որ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը եւ դրա նախագահ Ամալյան Գրիգորը բավարար ինքնուրույնությամբ ու կամքով չեն օժտված իրենց խայտառակ պարտությունը հրաժարականով մաքրագործելու կամ «Ա1+» հեռուստաընկերությանը եթերային հաճախականություն հատկացնելու գործընթաց սկսելու համար», - ասված է լրագրողական ակումբի հայտարարության մեջ:

«Ոչ ոք չի մոռացել հայաստանյան այն 17 լրատվամիջոցների հայտարարությունը, որով նրանք «Ա1+» եւ «Նոյյան Տապան» հեռուստաընկերությունները եթերազրկելուց անմիջապես հետո փորձեցին զսպել հանրային զայրույթը, ի լուր աշխարհի հայտարարելով, թե. - «Հայաստանում Խոսքի ազատությունը վտանգված չէ, եւ ԶԼՄ-ների գործունեության համար ստեղծված են անհրաժեշտ պայմանները»: Պարզվում է, «Ա1+» հեռուստաընկերության հանդեպ իրականացված այս դավադրության ապացուցման համար եվրադատարանի վճիռն էր պետք: 17 լրատվամիջոցները չարաչար սխալվել են», - կարծիք են հայտնել հայտարարության հեղինակները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG