Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան. «Անկեղծորեն հավատում եմ, որ կարող ենք համախմբվել»


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր համոզմունք է հայտնել, որ հասարակությունը կարող է համախմբվել: Այս տեսակետը նա արտահայտել է, ընդունելով մի խումբ ճանաչված մտավորականների եւ հասարակական գործիչների, որոնց հետ քննարկել է Հանրային խորհրդի ստեղծման հարցը:

«Ես անկեղծորեն հավատում եմ, որ մենք կարող ենք համախմբվել, անկեղծորեն հավատում եմ, որ բոլոր երկրներում էլ այս խնդիրը կա, գոյություն ունի, որովհետեւ որեւէ մի ընտրության ժամանակ հարյուր տոկոս քվե որեւէ կուսակցություն կամ որեւէ անհատ չի ստանում, եւ բնականաբար, հասարակության մեջ մնում են ուժեր, մնում են անհատներ, ովքեր նախ դժգոհ են լինում, եւ երկրորդ` չեն կարեւորում ուրիշների հետ միասին լծվել երկրի առջեւ ծառացած խնդիրներին», - ասել է նախագահը:

Ըստ նախագահի մամլո ծառայության՝ Սերժ Սարգսյանը հավաստիացրել է, որ Հանրային խորհրդի ստեղծումը թելադրված չէ իրավիճակով, եւ դրա անհրաժեշտության մասին ինքը խոսում է արդեն երկար ժամանակ:

Հայաստանյան շատ գործիչներ կարծիք են հայտնել, թե Հանրային խորհուրդը դառնալու է իշխանամետ մի կառույց, որը արդյունավետ չի գործելու:

Անդրադառնալով այդ մտավախություններին, Սերժ Սարգսյանը ասել է. - «Խնդրում եմ, օգտագործեք ձեր հեղինակությունը, օգտագործեք ձեր գիտելիքները, հուշեք մեզ, թե ինչպես ձեւավորենք, որպեսզի այդ Հանրային խորհուրդը չդառնա հերթական մի միջոցառում, որպեսզի այդ Հանրային խորհուրդը չդառնա պետական հիմնարկի նմանվող կառույց, որպեսզի, իրոք, այդտեղ քննարկումներ լինեն, անկեղծ քննարկումներ, որպեսզի այդտեղ գաղափարներ ծնվեն, որպեսզի դա դառնա մեզ համար մի լրացուցիչ խողովակ` իրավիճակը պատկերացնելու եւ միջոցներ ձեռնարկելու համար»:

Հայաստանյան մամուլը վերջերս փաստել էր, որ զարգացած երկրներում Հանրային խորհուրդները այնքան էլ տարածված չեն, իսկ Հայաստանը պարզապես հետեւում է Ռուսաստանի օրինակին: Միեւնույն ժամանակ որոշ քաղաքական գործիչներ, օրինակ, Ազգային ժողովրդավարների դաշինքի առաջնորդ Արշակ Սադոյանը, պատրաստակամություն են հայտնել աշխատել Հանրային խորհրդում: Ժողովրդական կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանը վստահություն է հայտնել, որ խորհուրդը արդյունավետ կգործի միայն այն դեպքում, եթե դրա նախագահը լինի ինքը:

Հանդիպմանը մասնակիցների թվում էին նաեւ Վիկտոր Դալլաքյանը, Պարույր Հայրիկյանը, Պերճ Զեյթունցյանը, Սերգեյ Համբարձումյանը, այլ հայտնի մտավորականներ եւ հասարակական գործիչներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG