Մատչելիության հղումներ

Ալեքսանդր Արզումանյան. - «Առաջին օրվանից հայտարարել եմ, որ սա շինծու մեղադրանք է»


«Երեւան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում «Ազատություն» ռադիոկայանի հետ բացառիկ հարցազրույցում Հայաստանի նախկին արտգործնախարար, անցած նախագահական ընտրություններում Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի ղեկավար Ալեքսանդր Արզումանյանը կրկին պնդեց, որ իրեն ներկայացված մեղադրանքը «շինծու» է եւ «քաղաքական հալածանք է իշխանության կողմից»:

«Ես առաջին օրվանից հայտարարել եմ, որ սա շինծու մեղադրանք է եւ քաղաքական պատվեր է հանդիսանում: Իշխանության կողմից սա քաղաքական հալածանք է իմ հայացքների համար, ուստի հրաժարվում եմ որեւէ ցուցմունք տալուց եւ որեւէ գործողության մասնակցելուց», - ասաց Արզումանյանը: -«Բանն այն է, որ սա փուչիկ է, եւ որեւէ փաստ, որեւէ մեղադրանք գոյություն չունի: Ընդամենը մեզ պատանդի կարգավիճակով պահում են այստեղ, մինչեւ տեսնեն ինչ կլինի…»:

Մարտի 10-ին ձերբակալված Ալեքսանդր Արզումանյանին մեղադրանք է ներկայացված Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով` «սպանությամբ զուգորդված զանգվածային անկարգություններ կազմակերպելու» եւ «պետական իշխանությունը յուրացնելու» հատկանիշներով:

«Ինքը ձերբակալությունը արդեն շատ կոպիտ եւ գռեհիկ իրավունքների խախտում էր, եւ այստեղ ինձ կալանքի տակ պահելը առանց որեւէ հիմնավորման Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 115-րդ հոդվածի լուրջ խախտում է», - ասաց նա: - «Պրոցեդուրային տասնյակ խախտումներ եղել են, որոնք մենք դատական կարգով կբողոքարկենք»:

«Երկու ամսվա ընթացքում որեւէ քննչական գործողություն, որեւէ հարցաքննություն, որեւէ հանդիպում ինձ հետ չի եղել, որից հետո ինձ հրավիրել են առաջին ատյանի դատարան` երկարացնելու համար [նախնական կալանքի ժամկետը] երկու ամսով: Ինչ վերաբերում է ներկայացված մեղադրանքին, դա ստանդարտ ձեւակերպում է, որը կա բոլորի մեղադրանքներում», - շարունակեց Արզումանյանը:

Իշխանությունների հետ երկխոսության վերաբերյալ նախկին արտգործնախարարը ասաց. - «Ընդդիմության ողջ ղեկավարությունը` այն մարդիկ, որոնք այդ երկխոսությունը պետք է ծավալեն, այսօր բանտերում են. ես պետք է երկխոսեմ, Արարատ Զուրաբյանը պետք է երկխոսի, Սասուն Միքայելյանը պետք է երկխոսի, Մյասնիկ Մալխասյանը, բոլոր մյուսները… Երկխոսություն ծավալելու համար դու չես կարող մարդկանց պատանդ պահել… Ինչ որ կատարվում է` ապօրինություն է: Այս ապօրինությանը պետք է վերջ տալ, որից հետո կարելի է հույս ունենալ, որ իշխանությունը ուզում է ինչ-որ փոփոխություն անի»:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG