Մատչելիության հղումներ

Վրաստանի օմբուդսմեն. «Խորհրդարանական ընտրությունները հեռու էին ժողովրդավարական լինելուց»


«Ընտրական գործընթացում մարդու իրավունքների կոպիտ խախտումները դարձել են սովորական երեւույթ եւ իշխանությունների համար` գործելաոճ», - փաստել է Վրաստանի մարդու իրավունքների պաշտպան Սոզար Սուբարին մայիսի 21-ի խորհրդարանական ընտրությունների եւ դրանց հաջորդող իրադարձությունների մասին իր զեկույցում:

«Վրաստանի իշխանությունները փորձում են վախեցնել ժողովրդին», - արձանագրել է օմբուդսմենը` տեղեկացնելով, որ ընտրություններից հետո երկրի տարբեր շրջաններում բռնության է ենթարկվել է առնվազն 12 մարդ, այդ թվում` մի կին: Սուբարին համոզված է, որ բռնության ենթարկվածների թիվը շատ ավելի մեծ է, պարզապես ընդամենը 12 հոգի չեն վախեցել եւ հայտնել են այդ մասին:

«Բռնությունների ենթարկվածները բոլորը ընդդիմադիր են: Անհանգստացնող է այն փաստը, որ իշխանություններն ահաբեկում են սեփական երկրի քաղաքացիներին, ահաբեկում են այլախոհներին, որոնք համարձակվում են հակառակ կարծիքը հայտնել», - զեկույցը հրապարակելիս հայտարարել է մարդու իրավունքների պաշտպանը:

Համոզմունք հայտնելով, որ մայիսի 21-ի ընտրությունները հեռու էին ժողովրդավարական լինելուց, Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանը կարծիք է հայտնել, որ միջազգային դիտորդներն էլ լավ գիտեն, թե իրականում ինչ է կատարվել, ուստի ընտրություններին նրանց տված գնահատականները դժվար է համարժեք համարել:

«Իմ գրասենյակի աշխատակիցները որպես դիտորդ տեղամասերում հետեւում էին ընտրությունների ընթացքին. ոմանք չդիմացան եւ ընտրությունների կեսից դուրս եկան, շատերը զանգահարում եւ ասում էին, որ իրենց սպառնում են, որ չեն կարող այլեւս մնալ ներսում, որ ինչ-որ մարդկանց անհասկանալի ծագումով խմբեր են ներս մտնում եւ դիտորդներից պահանջում լքել ընտրատեղամասերը: Իսկ ոստիկանները որեւէ կերպ չէին միջամտում այդ ամենին: Եվ եթե այս մթնոլորտում անցկացվեցին ընտրությունները` ինչպե՞ս կարելի է խոսել ժողովրդավարության մասին», - ընդգծել է վրաց օմբուդսմենը:

Վրաստանի միացյալ ընդդիմությունը, ողջունելով մարդու իրավունքների պաշտպանի այս գնահատականները, պահանջում է չեղյալ հայտարարել խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Ընդդիմադիրներն իրենց կողմնակիցներին երեկ երեկոյան կոչ են արել նորընտիր խորհրդարանի առաջին նիստին նախորդող գիշերվանից հավաքվել խորհրդարանի շենքի դիմաց եւ առավոտյան հանրահավաքով դիմավորել «ապօրինի խորհրդարանի ապօրինի պատգամավորներին»:

Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի երեկ հրապարակած վերջնական արդյունքներով` նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը ստացել է խորհրդարանի 150 մանդատից առնվազն 119-ը: Վրաց ընդդիմությունը հայտարարում է խորհրդարանի աշխատանքը բոյկոտելու ծրագրերի մասին:

Վրաստանի Սահմանադրության համաձայն` նորընտիր խորհրդարանի առաջին նիստը պետք է գումարվի հունիսի 10-ից ոչ ուշ:


Իրինա Հովհաննիսյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG